Ուժով բացե՞լ Լшչինի միջանցքը

Այս օրերին հաճախ է հնարավոր լսել հայտարարություններ, որ Լաչինի միջանցքը Հայաստանը պետք է բացի ուժով: Եթե Հայաստանն ունենար այդ ուժը, իհարկե վայրկյան իսկ հապաղել պետք չէր: Բայց, կասկած չկա, որ Ադրբեջանի հաշվարկներից մեկն էլ այդ ուժի կիրառումն է, որը Բաքվին կտա առավել մեծ ուժի կիրառման լեգիտիմ հիմք: Այլ կերպ ասած, ուժի կիրառումը չի լուծի այն խնդիրը, որ կա Արցախում՝ ապաշրջափակումը, պաշարման հաղթահարումը, բայց փոխարենն Ադրբեջանին կընձեռի իր խնդիրները ավելի արագ լուծելու հնարավորություն: Ընդ որում, դա տեղի կունենա այսպես ասած աշխարհի, այդ թվում մեր «ռազմավարական դաշնակցի» աչքի առաջ, ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որի ընթացքում գործնականում բոլորը զբաղված էին հայկական կողմի հաշվին իրենց տարաբնույթ խնդիրները լուծելով: Իսկ Կովկասում հաստատված նոր ստատուս-քվոյի շուրջ չկա թե ռեգիոնալ, թե աշխարհաքաղաքական լայն կոնսենսուս, Կովկասում հրադադար է, պարզապես չի հասունացել այն կայծը, որը կարող է վերստին կրակի տալ ռեգիոնը: Եվ որեւէ մեկը դեմ չի լինի, եթեայդ կայծը տվողը լինի Հայաստանը՝ ներկայումս նկատելիորեն թույլ օղակը:

Կրկնեմ, եթե Հայաստանն ունենար ուժի կիրառմամբ խնդիրը լուծելու ամուր հնարավորություն, իսկ դա նշանակում է ոչ միայն լուծել բուն խնդիրը, այլ հետո նաեւ պաշտպանել այդ լուծումը նույն ուժով, ապա դա կլիներ բոլորովին այլ հարց: Բայց, Հայաստանն այսօր ունի իր հնարավորությունները առավելագույն արագությամբ վերականգնելու խնդիր, ըստ այդմ՝ կայունության ժամանակի, տարածության խնդիր, որպեսզի հնարավորինս շուտ պատրաստվի այն ռիսկերին, որ առկա են ռեգիոնալ ստատուս-քվոյի շուրջ միջազգային կոնսենսուսի բացակայության պատճառով: Իսկ այդ կոնսենսուսը իսկապես բացակայում է: Գործնականում, կոնսենսուս կար հին ստատուս-քվոն փոխելու հարցում՝ տարբեր պատճառներով եւ մոտիվներով պայմանավորված, բայց լռելյան կոնսենսուս կար ստատուս-քվոն փոխելու հարցում: Սակայն, ներկայիս ստատուս-քվոյի հարցում այդ կոնսենսուսը չկա, այն չի գոհացնում թերեւս ոչ մեկին, չի լուծել ռազմավարական երկարաժամկետ նպատակներ: Հետեւաբար, այն եւս հայտնվելու է կասկածի տակ, ընդ որում թերեւս բավականին մոտ ապագայում, եւ մեծ է ըստ այդմ ռիսկը, որ այդ կասկածները կփորձեն «փարատել» նոր բախումով: Հայաստանը պետք է առավելագույնն անի դրա «կայծ տվողը» չլինելու, միաժամանակ այդ մեծ ռիսկին առավելագույնս պատրաստ լինելու համար: Իսկ առայժմ, պետք է առավելագույնը արվի դիվանագիտական դաշտում Արցախի խնդրի լուծման ուղղությամբ, օգտագործելով բոլոր պետական եւ նաեւ ոչ պետական, այդ թվում սփյուռքյան ռեսուրսները: Դրանք քիչ չեն: Դրանք ամենակարող չեն, միֆական չեն, բայց հաստատապես ունեն ավելիի ներուժ, ավելացնելու հնարավորություն, պարզապես Հայաստանը պետք է գտնի դրան գնալու ճանապարհները:

Оставьте комментарий