Արտյոմը շատ լավ, ոսկի տղա էր։ Ամբողջ գյուղը կհաստատի դա։ Թե ինչի էդպես եղավ՝ ես էլ չեմ կարողանում հասկանալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը՝ ով նաև երեկ մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արտյոմ Հայկազյանի հարևանն է։ Մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Արտյոմը երբեք աչքի չի ընկել կոնֆլիկտայնությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածքել՝ հայտնելով, որ երեկ՝ օգոստոսի 27-ին, մահացու հրազենային վիրավորումներ են ստացել զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ ժամը 16:00-ի սահմաններում, մարտական դիրքի դիտորդ զինծառայող Արտյոմ Հայկազյանն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Արմեն Խաչատրյանին-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։
«Նորմալ, առանց կոնֆլիկտների… էդ էրեխու ձայնը ոչ մի անգամ չի լսվել։ Թաղի էրեխա է եղել։ Իմ էրեխեքից էլ փոքր էր։ Գնում էր իրա դասին, գալիս էր տուն։ Հորն օգնում էր։ Սովորական տղա էր։ Մեր դարպասի դիմացող անցնում- դառնում էր… բարև՛, Անդո ձաձ.. Ասում էի ոնց ես, Արտյոմ ջան՝ ասում էր լավ եմ։ Էդ էր…»,- հիշեց մեր զրուցակիցը նա։
Նրա փոխանցմամբ՝ տղայի հայրն իր դասարանից է եղել։ Ժամանակին աշխատել է մարզպետարանում։ Գրագետ մարդ է։ Տղան ընտանիքի միակ որդին է եղել։ Երկու քույրերն էլ ամուսնացած են։
«Այս տարվա հունվարին էր զորակոչվել բանակ։ Համալսարան ընդունվեց ու տարան։ 8 ամսվա ծառայող էր»,- ասաց «Փաստինֆո»-ի զրուցակիցը։