Մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք, Ադրբեջանի երեկվա քայլը մեզ համար անընդունելի է. ԼՂ ԱԺ նախագահ

«Պիտի արձանագրենք, որ մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք, և այդ միջանցքով թե՛ հումանիտար բեռներ և թե՛ ընդհանրապես Արցախից Հայաստան, Հայաստանից Արցախ անխափան երթևեկը պետք է վերականգնվի և ապահովվի: Սա ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով»:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է է ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

Անդրադառնալով Աղդամի ճանապարհին և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկմանը՝ Իշխանյանը նկատել է, որ ադրբեջանական այդ թեզը նորույթ չէ, նվազագույնը գոնե 3 շաբաթվա պատմություն ունի, երբ արևմտյան և ռուսական գործընկերների միջոցով փորձել են այդ առաջարկը ներկայացնել և նաև իրականություն դարձնել:

«Երեկվա քայլը ադրբեջանական կողմից մեզ համար հասկանալի է, բայց՝ անընդունելի: Երկրորդը՝ անցած երեք շաբաթների ընթացքում բավականին երկար քննարկումներ են եղել, այդ քննարկումները հնարավոր է՝ շատ հրապարակային չեն եղել, բայց Արցախի իշխանությունների քննարկումները միայն հանգել են այն փաստին, որ այդ ճանապարհի գործարկումը մեզ համար անընդունելի է մի շարք պատճառներով: Ես պատճառներից մեկը նշեցի, որ մենք ունենք միայն մեկ ճանապարհ միջանցքի կարգավիճակով և երկրորդ միջանցքը մեզ համար չպետք է ամրագրենք»,- ասել է նա:

Վերջինս նկատել է՝ մյուս կողմից շատ հասկանալի է Ադրբեջանի քայլերը. «Ադրբեջանը, քաղաքական նպատակներ հետապնդելով հանդերձ, փորձում է ցույց տալ աշխարհին, որ իրենք ունեն ներքին խնդիր, և Արցախում տեղի ունեցող այս հումանիտար ճգնաժամը որևէ առումով չի կարող առնչվել արտաքին աշխարհին: Վերջապես այս խնդիրը հասել է մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, մենք մեր ձեռքի տակ ունենք Լուիս Օկամպոյի հայտնի զեկույցը՝ պատրաստած փաթեթը, թե Ադրբեջանը ինչպիսի ցեղասպան քաղաքականություն է վարում: Մենք ունենք նաև Խուան Մենդեսի համապատասխան եզրակացությունը, թե ինչ հետևանքներ կունենա այն ամենը, որը որդեգրել է Ադրբեջանը»:

ԼՂ ԱԺ նախագահի խոսքով՝ Ադրբեջանը հերթական քաղաքական սադրիչ քայլն է անում և փորձում աշխարհին ցույց տալ, որ իրենց կողմից հնարավոր ամեն բան արվում է ԼՂ ժողովրդի կարիքներն ապահովելու համար:

«Կա նաև մեկ այլ նրբություն. Ադրբեջանն իր Կարմիր մահիկի միջոցով փորձում է դուրս մղել Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը: Միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն և հնարավորություն է, գրասենյակը 30 տարի է՝ Ստեփանակերտում գործում է որպես առանձին միավոր՝ Ժնևի ուղիղ ենթակայությամբ, և մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո մինչ օրս բոլոր ջանքերը ուղղել է այդ գրասենյակը Արցախից դուրս մղելու համար»,- նշել է Իշխանյանը:

Оставьте комментарий