Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ինքնաթիռ է մեկնել Իսրայելի Թել Ավիվ քաղաքից ՀՀ քաղաքացիներ Երևան տեղափոխելու համար։
Այս մասիին Tert.am-ին հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Տեղական ժամանակով 09։36-ին ինքնաթիռն ուղևորվել է Թել Ավիվ, դեռ այնտեղ չի հասել։ Նախնական պլանավորվել էր, որ Երևանի ժամանակով 13:00-ին օդանավը կվերադառնա Հայաստանի մայրաքաղաք և կժամանի 15։30-ին, թռիչքը մոտ 3 ժամ է տևում»,– մանրամասնեցին ՔԱԿ–ից։
Կոմիտեից չհստակեցրին, թե քանի հայ պետք է Իսրայելից Հայաստան տեղափոխվի, միայն նշեցին, որ 220 տեղանոց ինքնաթիռ է մեկնել, բայց հայտնի չէ՝ քանի մարդ կտեղափոխվի։
ՀՀ ԱԳՆ-ն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել չվերթից: Մասնավորապես ասվում է.
«Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, հետևում է իրավիճակի զարգացումներին և ըստ անհրաժեշտության կձեռնարկի լրացուցիչ քայլեր։
Նաև հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։