Արցախում ծնված եւ մեծացած Հայկն այսօր Երեւանում է: 21 տարեկան երիտասարդը որոշել է իր հոբբին` լուսանկարչությունը, մասնագիտություն դարձնել: Ասում է` 7 տարի շարունակ իր համար երազանք է եղել՝ ունենալ սեփական ֆոտոխցիկ, որը վերջերս է ձեռք բերել, իսկ մինչ այդ լուսանկարել է ուրիշների ֆոտոխցիկներով: Ըստ Հայկի՝ եթե իր առջեւ դնեին ընտրության հնարավորություն` որ ոլորտում շարունակի իր գործունեությունը, նա միանշանակ կընտրեր լուսանկարչությունը: Պատերազմը նրան ստիպեց վերջնականապես հասկանալ, որ փաստավավերագրական լուսանկարչությամբ պետք է շարունակի: Իր կյանքի գերագույն նպատակն է՝ օգնել Արցախին, հենց դա էլ իր առաքելությունն է` իր նկարների միջոցով աշխարհին պատմել Արցախի իրականության մասին: Լուսանկարչությունում Հայկին ոգեշնչում է իրականությունը, որտեղ ապրում ենք:
Այն հարցին, թե արդյոք իր գործունեությունն ազդո՞ւմ է մարդկանց աշխարհայացքի վրա, նա պատասխանեց. «Եթե դու պատմում ես իրականությունը մի մարդու, ով դրա մասին չգիտի, այդ իրականությունն իր մեջ անպայման ինչ-որ բան կփոխի»:
Նրա լուսանկարները մեծ ազդեցություն են ունեցել հատկապես Արցախի հետ կապված, քանի որ վերջին շրջանում Արցախի մասին միակ պրոֆեսիոնալ լուսանկարներն արվել են նրա կողմից: Հայկն աշխատել է նաեւ միջազգային լրատվականների հետ` տրամադրելով իր լուսանկարները: Այսինքն՝ նա նաեւ լրագրությամբ է զբաղվում:
Հայկի լուսանկարներից մեկը 35AWARDS միջազգային մրցանակաբաշխության թոփ 50-ում է եղել: Նշում է, որ այդ նկարը բոլորն իր հետ են ասոցացնում։ «Հայկն ու այս նկարը հավասար են, մենք նույնն ենք»,- ասում է նա:
Նա նաեւ կիթառ է նվագում, թեեւ չի սովորել ոչ մի տեղ` ինքնուս է: Ասում է, որ եթե չլիներ լուսանկարչությունը, կլիներ երաժշտությունը: Ժամանակին Ստեփանակերտում 6 հոգանոց երաժշտական խումբ են ունեցել, սակայն հիմա չեն նվագում: Ցավով նշում է, որ կիթառ չունի, իր կիթառը թողել է Ստեփանակերտում: Հայկն արտաքինից իտալացու` եվրոպական մտածելակերպի տեր մարդու տպավորություն է թողնում, սակայն ասում է, որ լրիվ հակառակն է` իր արտաքինն ու ներքինը շատ են տարբերվում: Այդ մասին փաստում է նաեւ նրա սոցիալական էջերի անվանումը` «oldhike»: Դեռ մանկուց է եկել այդ մականունը:
Պատմում է, որ 9-րդ դասարանում կոմունիստական գաղափարախոսության մասին իմանալուց հետո, մարդկանց հավասար լինելու եւ, ընդհանրապես՝ ընդհանուր գաղափարները շատ էր հավանել ու սկսել էր հետաքրքրվել: Ասում է, որ միշտ սովետից եկած մարդ է իրեն զգացել, շատ ժամանակ չի հասկանում եւ լեզու չի գտնում իր հասակակիցների հետ: «Ընկերներիս հետ խոսելիս հաճախ լսում եմ «ոնց որ պապիկս լինես» արտահայտությունը»,- ժպիտով հավելում է նա: Երեւի դա նաեւ նրանից է, որ աշխարհից մի պահանջ ունի` արդարություն: Սիրում է մենակ մնալ, երաժշտություն լսել եւ չնայած չափազանց հանգիստ մարդ է, կարող է ամենաչնչին բանից վրդովվել:
«Ես մինչեւ հիմա չեմ գիտակցում, որ այս ամենն իրական է, իմ ուղեղը չի ընդունում այս իրականությունը: Ես վստահ եմ` մենք շուտով տուն կգնանք: Ես ուղղակի հրաժարվում եմ հավատալ այն ամենին, ինչ կատարվել է»,- ասում է Հայկը` Արցախի իրադարձությունների կապակցությամբ, եւ ավելացնում․ «Իմ կարծիքով՝ նույնիսկ ամենաբուռն ֆանտազիա ունեցող մարդը չի կարող պատկերացնել էն ամենը, ինչ ես հիմա զգում եմ: Էդ ամենը խառնուրդ է՝ հեքիաթ, խառնաշփոթ, նույնիսկ էդպիսի բառ չկա, որ ես բնութագրեմ էն, ինչ որ զգում եմ ու զգացել եմ, դա անհնար է, դա մենակ կարող ես զգալ»:
Հայկն իրեն միշտ պատկերացրել է Արցախում` որպես կայացած մարդ եւ լուսանկարիչ: Ասում է, որ իր կյանքն Արցախում էր եւ Արցախի համար, իսկ հիմա, երբ Արցախը չկա, չգիտի` իրեն որտեղ եւ ոնց պատկերացնի: Նա գրառում է արել. «Կարոտում եմ պատերազմի օրերը, երբ տանն էի»: Առաջին հայացքից տարօրինակ արտահայտություն է, սակայն Հայկը մեկնաբանում է դա. «Ինչպես 2020 թվականի պատերազմի ժամանակ, էնպես էլ վերջին իրադարձությունների ժամանակ, այդ օրերն ավելի լավն էին, որովհետեւ պատերազմի ժամանակ դու հույս ունես. նախ, հա, պատերազմ է, բոլորիս կյանքը մազից է կախված, մարդիկ են մահանում, դու՝ ինքդ, ցանկացած պահի կարող ես մահանալ, բայց, դրա հետ մեկտեղ, դու ունես հայրենիք, տուն, դու ապրում ես անկախ Արցախում, չնայած պատերազմին։ Դու ունես հույս, որ պատերազմը կավարտվի, ամեն ինչ լավ կլինի, բայց պատերազմից հետո, էն, ինչ ունեցել ես պատերազմի ժամանակ, դու էլ չունես… Խաղաղությունը տունն է, երբ դու տանն ես, արդեն խաղաղ ես»:
Լյուսի Սարգսյան