Ստացած նվերների պատճառով ընտանիքը զրկվել է նպաստից

Տասն ամիս է՝ Նարինե Մկրտչյանի բազմանդամ ընտանիքը դուրս է մնացել նպաստառուների ցանկից։ Նարինեի ասելով՝ ընտանիքում առողջ են միայն իր երեք անչափահաս երեխաները, իսկ հիվանդ ամուսինները նույնիսկ հետազոտվելու համար գումար չունեն։ «Սկեսուրս էլ անկողնային հիվանդ է։ Իր ստացած թոշակը՝ 36 հազար դրամ, չի բավականացնում անգամ իր դեղերին ու պամպերսին։ Ինչ նպաստից զրկվել ենք, խանութների պարտքերի ցուցակում մոտ 700 հազար դրամ պարտք ենք կուտակել։ Թե ոնց ենք մարելու՝ չգիտեմ»,- ասում է Նարինեն։

Սոցիալական ծանր պայմաններում գտնվող նրա ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում։ 4 տարի նպաստառու են եղել, ամսական 36 հազար 500 դրամ են ստացել։ «Եթե մայրս չօգներ, դա էլ չէր բավականացնի հացին ու կոմունալներին։ Նպաստից զրկվելուց հետո նաեւ կոմունալներն ենք 100 տոկոսով վճարում։ Իսկ այն ժամանակ զեղչից էինք օգտվում»,- ասում է նա։

Կնոջ պատմելով՝ մոր օգնության պատճառով էլ դուրս են մնացել նպաստառուների ցուցակից։ «Հողաշեն՝ ցուրտ ու խոնավ տանն ենք ապրում։ Երեխաները հողի հատակի վրա էին մեծանում, հաճախ էին հիվանդանում։ Մայրս հատակի փալաս, բազմոց ու հեռուստացույց նվիրեց, նաեւ օգնեց՝ մի թեթեւ վերանորոգում արեցինք տանը, բայց պարզվեց՝ չի կարելի, որովհետեւ մեկ-երկու փալասով մեր կարգավիճակը փոխվեց, ամսական եկամուտը սկսեց ջրի պես հոսել»,- հեգնում է տիկին Նարինեն։
Ընտանիքի «բարեկեցության» աճի «փաստն» արձանագրել է սոցիալական տեսուչ Էլմիրա Հարությունյանը՝ հերթական այցի ժամանակ։ Նարինեն նրան ասել է, որ այդ ամենն իր ծնողի նվիրատվությունն է` իրենց եկամուտները չեն ավելացել, իրենք նույն անապահովն են։ «Եթե ստուգողներ գան, իրենք էլ կարձանագրեն, որ կենցաղդ բարելավել ես, հետեւաբար՝ քեզ նպաստ չի հասնում»,- տեսուչի պատասխանը փոխանցեց մեզ Նարինեն։    

Նրա ասելով՝ մոր աջակցությամբ էլ կապրեին, եթե մայրը բուժվելու նպատակով չհեռանար երկրից։ «Խեղճ կինն իբր ուզում էր մեզ լավություն աներ, բայց վատ բան ստացվեց։ Դե արի, էս պետությանը բացատրի, որ ոնց զրո եկամտով ապրել ենք նպաստառության տարիներին, նույնձեւ էլ հիմա ենք ապրում։ Ի՞նչ անենք, թե նվեր ստացած փալասով հատակը ծածկել ենք, հեռուստացույցն էլ բազմոցին նստած ենք նայում։ Ես էլ կուզեի, որ առողջ լինեինք, մշտական աշխատանք ունենայինք ու մեր կյանքը կազմակերպեինք` առանց պետության ողորմության, բայց սա է վիճակը»։

Նարինե Մկրտչյանին տասն ամիս էր պետք կողմնորոշվելու համար՝ բարձրաձայնի՞ այս խնդրի մասին, թե՞ ոչ։ Նա «Հրապարակին» է դիմել մտերիմների խորհրդով` որպես վերջին հույս։ «Դուք ավելի լավ կձեւակերպեք խնդիրս։ Ես հուզմունքից շփոթվում եմ»,- ասաց նա։ Հուսանք, որ այս հարցը Միասնական սոցիալական ծառայությունը կվերցնի իր հսկողության տակ եւ կվերանայի Գեղակերտ գյուղի բնակիչ Նարինե Մկրտչյանի ընտանիքին նպաստ տալու հարցը:

Hraparak.am

Оставьте комментарий