Զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով. կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին, տուն «վերադարձել»՝ չորս ամիս անց.

«Դավիթս պայծառ և ուրախ էր, համով չարաճճի, հումորով ու ազնիվ: Երբեմն իրեն ասում էի՝ հնարավոր է՝ քո ազնվությունից տուժես: Մենք էինք իրեն այդպիսին դաստիարակել, բայց երբեմն նեղվում էինք իր պարզությունից»,-«Փաստի» հետ զրույցում ասել է տիկին Կարինեն՝ Դավթի մայրիկը:

Նշել է՝ որդին սիրում էր սովորել, խելացի էր: Դպրոցի մասին զրուցելիս մայրիկը մի դրվագ է վերհիշել. «Ուսուցչուհին մի օր ասում է՝ ձեր աչքերը փակեք և պատկերացրեք, որ խնձոր եք ուտում: Բոլորն աչքերը փակում են և իբր իրենց խնձորն են կծում, իսկ Դավիթը զարմացած նայում է ուսուցչուհուն, և նրա հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չես կծում քո խնձորը, ասում է՝ բայց իմ խնձորը որդնած էր: Շատ հումորով էր»:

Դպրոցն ավարտելու տարիներին Դավթի հետաքրքրությունը նկատելի էր հատկապես ֆիզիկայի հանդեպ: «Ուզում էր ընդունվել Պոլիտեխնիկ, պարապում էր, ֆիզիկայի հանդեպ այդ ընթացքում սերն ավելի մեծացավ, կար նաև բուհ ընդունվելու համար իր հետ պարապող ուսուցչի գործոնը: Ընդունվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի տնտեսագիտության բաժին: Հասցրեց ուսանող լինել: Սիրով դասերի էր հաճախում»:

2020 թ. հունվարի 8-ին Դավիթը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Վեց ամիս ծառայել է Գյումրիում՝ հակատանկային գումարտակում, հետո տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Շատ սիրով պատրաստվեց ու մեկնեց զինծառայության: Ավանից յոթ ընկեր միանգամից նույն տեղը զորակոչվեցին: Դա էլ նպաստեց, որ ավելի հանգիստ վերաբերվի ծառայությանը: Ոչ մի անգամ որևէ բանից չի տրտնջացել, իր բնավորությամբ այդպիսին չէր: Դեռ պատերազմից առաջ մի օր զրուցում էինք, հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ է կատարվում երկրում, քաղաքում: Համավարակի շրջանն էր, սկսեցինք զրուցել, պատմեցի բոլորից, նորություններով կիսվեցի իր հետ: «Մա՛մ, ամեն ինչ լավ է, բոլորից տեղյակ եմ, բոլորը լավ են, բայց քանի որ արդեն զինվոր եմ, պետք է մոռանամ քաղաքացիական կյանքը և մտածեմ միայն իմ զինվորական առօրյայի մասին»»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Оставьте комментарий