Ուշադրություն…եթե Ձեր երեխան հաճախ ջերմում է, կարդացեք

Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը բավական տարածված խնդիր է այս կամ այն հիվանդության դեպքում, սակայն հաճախ ծնողները չեն կողմնորոշվում, թե երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը։

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է՝ երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը և ինչ չի կարելի անել նման խնդրի դեպքում։

Այսպիսով, երեխայի ջերմությունը հարկավոր է իջեցնել, եթե այն 38,5 °C և բարձր է: Ջերմիջեցնող դեղորայքը նշանակվում է բժշկի կողմից երեխայի քաշին կամ տարիքին համապատասխան դեղաչափով: Ջերմությունն իջեցնելու համար Դուք կարող եք ձեռնարկել որոշակի միջոցառումներ.

Երեխային հաճախ կերակրեք, տվեք հեղուկներ, եթե երեխան ավելի մեծ տարիքի է: Թեթև հագցրեք, մի ծածկեք և մի փաթաթեք:

Երեխային տվեք ջերմիջեցնող կամ ցավազրկող բժշկի խորհրդով՝ ըստ երեխայի քաշի կամ տարիքի: Մեկ ժամ անց նորից չափեք ջերմությունը: Եթե Դուք հարցեր ունեք, զանգահարեք բժշկին:

Չի կարելի՝

Ջերմող երեխայի մարմնին հպել սառը իրեր: Դա կնպաստի մաշկի անոթների սպազմին: Երեխայի մաշկի ջերմության իջեցումը վտանգավոր է, քանի որ այն կբերի ներքին օրգանների ջերմաստիճանի բարձրացմանը:
Մարմինը շփել սպիրտով կամ քացախով, քանի որ նշված նյութերը կարող են ներծծվել մաշկի միջոցով՝ առաջացնելով թունավորում:
Եթե Ձեր երեխայի մաշկը բարձր ջերմության ժամանակ վարդագույն է և խոնավ, կարող եք լինել համեմատաբար հանգիստ, քանի որ դա վկայում է, որ չեն խախտվել ջերմարտադրության և ջերմատվության գործընթացները:

Եթե բարձր ջերմության ժամանակ մաշկը գունատ է, ձեռքերն ու ոտքերը սառը, իսկ երեխան դողում է, դա վկայում է անոթների սպազմի մասին: Այսպիսի դեպքերում պետք է բացառել բոլոր ֆիզիկական հովացնող մեթոդները՝ սառը ցնցուղ, սառը սավանով փաթաթելը և այլն: Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Ի՞նչ դեղորայք ընտրել

Դեղորայքը ընտրելուց /հեղուկ, օշարակ, հաբ, մոմիկ/ անհրաժեշտ է հաշվի առնել, որ դեղերը հեղուկ և օշարակ վիճակում ազդում են 20-30 րոպեի ընթացքում, մոմիկը՝ 30-45 րոպեի ընթացքում: Մոմիկն օգտագործում են, եթե երեխան փոքր է, փսխում է կամ հրաժարվում է խմել:

Оставьте комментарий