Նունեն կորցրեց ամուսնուն…12 տարեկան տղաս ասում է` մա՛մ, ինձ նվեր չի պետք, վեշմին պեն պետք չի, օզումում ետ տոն քինինք. արցախցի

«Իմ գիտակցական կյանքից միայն պատերազմ եմ հիշում… Արցախյան ազատագրական պայքար, սահմանային բախումներ, ապրիլյան քառօրյա, 44-օրյա պատերազմ և 2023թ սեպտեմբերի 19, որը ամենադաժանն էր, որը շատերիս կյանքը փոխեց»,- Oragir.News-ի զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված 37-ամյա Նունե Լալայանը։ Արցախցի կինն ասում է՝ պատերազմը մեր համար երբեք անցյալ չդարձավ, իսկ զինադադար կոչվածը պատերազմը ընդամենը տեղափոխեց սահման, որտեղ էլ այն սանձեց հայ զինվորականը։ «Հիշում եմ՝ մի անգամ՝ երևի 2000-ականների սկիզբն էր…

Հայաստանից Արցախ գործուղված ծանոթներիցս մեկը հարցրեց, թե ինչպիսին էր ցուրտ ու մութ տարիներով անցած մարդու մանկության երազանքը։ Ես նրան պատասխանեցի՝ կռվագույն։ Ասաց` դա ի՞նչ գույն է։ Ես գիտեմ դա ինչ գույն է, ես տեսել եմ այդ գույնը, դա բնության ու մարդկային չարության բոլոր գույներն են։ Իմ ասածը Արցախում ապրած մարդիկ կհասկանան»,-շարունակում է Արցախցի կինը։ Նունե Լալայանի ամուսինը սպա է եղել, 44-օրյա պատերազմի ժամանակ է զոհվել։ «Ամուսինս սպա էր, մենք ընտանիքով 2017 թվականին տեղափոխվեցինք Զորավան։

Դա Մարտունու 2 պաշտպանական շրջանի հարևանությամբ գտնվող սպայական ավան էր։ Սահմանամերձ բնակավայր էր։ Սահմանի, խաղաղության, հայրենիքի մասին պատկերացումները սահմանին ապրող մարդու համար այլ են։ Եթե թիկունքում ապրող մարդու համար խաղաղությունը բառ է, ապա սահմանին ապրող սպայի ընտանիքի համար խաղաղությունը համազգեստի յուրահատուկ հոտն է, որը սփռված է տան օդում, իսկ դա նշանակում էր, որ մեր պապան տանն է, իսկ դա խաղաղություն է ու ապահովածության զգացում»,-ասում է 37-ամյա Նունե Լալայանը։

Արցախցի կնոջ փորձությունները սկսվել են 2020 թվականից։44-օրյա պատերազմի ժամանակ Նունեն կորցրեց ամուսնուն՝ Ռոմային և միայնակ սկսեց մեծացնել որդուն`Հայկին։ Ամուսինը հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում, ամեն ամիս որդու հետ այցելում էին ամուսնու գերեզմանին, բայց Արցախի կյանքի ճանապարհի փակվելուց հետո ինը ամիս ամուսնու շիրիմին այցելելու հնարավորություն չկար։ Նունեն ասում է`շատ ծանր ապրումներ էին, շատ ծանր։ Ինը ամիս շրջափակում, անվերջանելի հերթեր, բայց իրենք չէին հանձնվում։ Սեպտեմբերի 19-ը սովորական օրերից մեկն էր, բայց Նունեն գիտեր, որ սահմանին անհանգիստ էր։ Երբ կրակոցներհ սկսվեցին, արցախցի կինը չգիտեր՝ դպրոցահասակ երեխայի մասի՞ն մտածեր, թե՞ եղբայրների, որոնք ծառայում են ԱԱԾ և ՊԲ ստորաբաժանումներում։

Նունեն հիշում է, որ կեսօրին առաջին արկերը ընկան Ստեփանակերտի վրա, ու քաղաքը կորավ ծխի մեջ։ Երեխայի հետ նկուղում են պատսպարվել, հետո շատերի նման դժվարությամբ հասել Հայաստան։ «Ամբողջ ճանապարհին փակել եմ աչքերս՝ այդպես ձգտելով մերժել իրականությունը։ Կամուրջը հատել եմ անզգայացած։ Դա վախ չէր, այլ զուտ հոգին մարմնից պոկելու զգացողություն։

Մարմինս անհոգի անզգա էր արդեն»,-ասում է Նունե Լալայանը։ Հիմա կամաց-կամաց հարմարավում են նոր իրավիճակին, բայց էլի ցանկությունները ու նպատակները միայն Արցախի հետ են կապված։ «Տղայիս ասում եմ`Հայկ, Ձմեռ Պապիկին անա նվեր չը՞ս օզում։ Ասում ա`օզումում մամ։ Ասում եմ`բալաս, դե ասե տեսնամ հինչս օզում, վեր նամակ կիրինք պիրի։ Ասում է`մամ ինձ նվեր չի պետք, վեշմին պեն պետք չի, օզումում ետ տոն քինինք….»,-եզրափակում է Նունե Լալայանը։

Оставьте комментарий