Մխիթարյան․ Ցանկանում եմ կատարելագործվել ամեն օր, ամեն րոպե (տեսանյութ)

Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ պայմանագիրը մինչեւ 2026թ․ հունիս երկարաձգելը։

«Շատ ուրախ եմ այն ամենի համար, ինչ տվել է ինձ «Ինտերը» վերջին 1,5 տարում։ Ես ցանկանում եմ ավելին տալ թիմին։ Շատ երջանիկ եմ։ Հույս ունեմ այս խաղաշապիկով կնվաճեմ բազմաթիվ տիտղոսներ։

Շատ հպարտ եմ, որ այս հրաշալի թիմի մի մասն եմ։ Մենք անում ենք հնարավոր առավելագույնը, որպեսզի հասնենք մեր նպատակներին եւ նվաճենք տիտղոսներ։

Ես շարունակում եմ աճել, ցանկանում եմ կատարելագործվել ամեն օր, ամեն րոպե։ Լավագույնն է ամեն օր սովորելը, մարզվելը եւ թիմակիցներիդ հետ խաղալը։

Ես անդադար աշխատում եմ ամեն օր, քանի որ գիտեմ՝ իմ կարիերային վերջին տարիներն են։ Ես ցանկանում եմ անել հնարավոր ամեն ինչ եւ հաղթել։ 100 տոկոս ջանք եմ գործադրում։

Հրաշալի շատ պահեր եմ ապրել «Ինտերի»հետ։ Կցանկանայի, որ առաջիկա տարիներին այդպիսի պահերն ավելի շատ լինեն։

Ակումբի երկրպագուների սերը վկայում է, որ ես ձգտում եմ շատ տալ թիմին։ Ես ցանկանում եմ, որ «Ինտերի» երկրպագուները ավելի շատ հպարտանալու առիթներ ունենան իմ խաղի շնորհիվ»,- ասել է Մխիթարյանը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտերի» հետ նվաճել է Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը, հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Оставьте комментарий