Ավդուռցի Ավանեսյանների ընտանիքի դժբախտ պատմությունն ունի իր ենթաշերտերը։ Տան պապը զոհվել էր 1990 ականներին, ավագ որդին՝ Արմանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, մյուս երկու որդիներն էլ այս վերջին պատերազմում էին հայտնվել կյանքի ու մահվան սահմանագծում, հրաշքով կենդանի մնացել։
«Ավագ որդիս պիտի զորացրվեր 2020 թվականի հունվարին, բայց հունվարին որդուս գրկելու փոխարեն գրկեցի նրա փակ դագաղը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է մայրը՝ Գայանեն, ում խոսքով՝ երազում է գոնե մեկ անգամ գրկել որդու շիրմաքարը, որը մնացել է Արցախում։
Մոր խոսքով՝ սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմը կրկին սկսեց, երկու որդիները՝ Արթուրն ու Արայիկը, սահմանամերձ գյուղի վտանգավոր դիրքերից մեկում էին։
«Երբ սկսվեց թշնամու կողմից լայնամաշտաբ պատերազմը, տանն էի։ Վախից դողում էի,դուրս եկա բակ իմ աչքով տեսա, թե ոնց են ռմբակոծում այն դիրքը, որտեղ երկու որդիներս էին։ Ամեն անգամ հորդորում էի, որ միասին չգնան դիրքեր, վախ կար մեջս։ Ծնկաչոք աղերսում էի Աստծուն, որ գոնե այս անգամ խնայի որդիներիս կյանքը։ Երեկոյան դեմ մեր տանը մարդիկ էին հավաքվում, արդեն գիտեին, որ Արթուրս ծանր վիրավորում է ստացել, բայց ինձ ոչինչ չէին ասում։ Ամսի 20-ին աղջիկս կապվեց ինձ հետ ու ասաց, որ պիտի ուժեղ լինեմ, քանի որ Արթուրս ծանր վիրավորում է ստացել, վիրահատում են ․․․Որդուս կրկին տեսա սեպտեմբերի 27-ին արդեն Էրեբունի հիվանդանոցում»,- ասում է արցախցի կինը, ում խոսքով, երբ որդուն տեսել է այդ վիճակում, մտածել է, որ այս մեկին էլ է կորցնելու, քանի որ բժիշկները հույս չէին տալիս։
«Որդիս Աստծո ողորմությամբ փրկվել է՝ ամիսներ շարունակ լինելով կոմայի մեջ, բայց դեռևս մի շարք վիրահատություններ պիտի կատարվի»,- ասում է մեր զրուցակիցը, ում խոսքով՝ շատ ծանր ֆինանսական վիճակի մեջ են, քանի որ որդուն մոտ լինելու համար ստիպված տուն են վարձել Երևան քաղաքում։
«Որդուս մի ոտքը ամպուտացված է, պետք է պրոթեզավորել, մյուս ոտքը մի կերպ հավաքել են, բայց դեռ քայլելու պիտանի չէ, ժամանակ է պահանջվում»,- ասում է մայրը ու խնդրում բարի մարդկանց՝ օգնել իր ընտանիքին, դուրս գալ այս ծանր իրավիճակից, քանի որ վեցհոգանոց ընտանիքում միայն փոքր տղան է աշխատում օրավարձով։
Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել 055823593 հեռախոսահամարով։