«Պարույրը գրականություն մտավ համեստ և հեռացավ այս աշխարհից՝ մնալով նույնը։ ․․․․Դա ոչ դիմակ էր, ոչ էլ դիվանագիտություն։ Չի կարող մեկը երեսուն տարի թաքնված մնալ այնպես, որ մի օր, մի անգամ գոնե դիմակը վայր չընկնի։ Դիվանագիտությունն էլ, ի վերջո, մի օր մատնում է իրեն»,-գրում է Ռուբեն Զարյանն իր հուշերում։
Այսօր հայ նորագույն գրականության հսկաներից մեկի՝ Պարույր Սևակի 100-ամյակն է։
Նա առավ մարդու իր ափի մեջ, քննեց ամեն կողմից, բացահայտեց մարդու էությունն իր ողջ բազմազանությամբ, բայց ինքը մնաց անքննելի, մնաց չբացահայտված։
Սևակը խոշոր երևույթ էր մեր գրականության ու գրականագիտության մեջ։ Իր բացառիկ տաղանդով նա գրավեց իր ընթերցողին, ներթափանցեց հայ միջնադարյան գրականության խորքերը, հարստացավ ու հարստացրեց։
Ռուբեն Զարյանն իր հուշերում պատմում է, որ երբ երիտասարդ Պարույր Ղազարյանն իր մոտ է տանում առաջին բանաստեղծությունները, առաջարկում է հանդես չգալ իր ազգանունով՝ Ղազարյան։ Առաջարկել է Սևակ կեղծանունը․ «Այդ ծածկանվան վրա կանգ առավ ընտրությունս, որովհետև Պարույրը իսկապես սև ակն էր։ Բայց գլխավոր պատճառը դա չէր։ Ինձ դեպի այդ անունը մղողը Ռուբեն Սևակի կյանքի տխուր պատմությունն էր, որ երկու անգամ արել էր Ավետիք Իսահակյանը, ու ես երկար ժամանակ դրա տպավորության տակ էի։ Ես արեցի նրան Վարպետից լսածս պատմությունը։ Ազդվեց։ Թախծալի աչքերն ավելի թախծոտ դարձան։ Ես չասացի նրան, բայց մտածում էի, որ մի Սևակի ընդհատված կյանքը կշարունակվի մի ուրիշ Սևակի մեջ»։
Բանաստեղծի դերի ու էության փնտրտուքների ժամանակ դեռ երիտասարդ Պարույրը առաջինը բախվեց Եղիշե Չարենցի ժայռեղեն ամրությանը։ Խոստովանել է՝ Չարենցը նստեց հանրակացարանային իմ չոր մահճակալին, մինչև վերջ բացվեց իմ առջև, և հենց այն է ուզում էր ասել, երբ ես կանխեցի նրան և ինքս ասացի.
-Հասկացա, որ բանաստեղծ չեմ:
Հետո հասկացավ, որ գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը։
«Ու ես երդվեցի այլևս ոտանավոր չգրել: Եվ իսկապես էլ չգրեցի: Ես ինձ տվեցի ուսման և, առաջին հերթին, հին հայերենի իմացությանը: Հայ բազմադարյան գրականությունը կամաց-կամաց դադարեց terra incognita լինելուց: Ես ինձ լրջորեն նախապատրաստում էի գրականագիտության և բանասիրության․․․»,- գրել է Պարույր Սևակը։
Գրականագետ Լևոն Հախվերդյանը, որ Պարույր Սևակի ընկերներից էր, պատմում է, որ սիգարետն անպակաս էր նրա բարակ մատների արանքից: Ծուխը ներս էր քաշում ագահաբար: Սակավապետ ուտելու մեջ՝ առավոտները մի բան կուտեր ոչ թե քաղցը հագեցնելու, այլ ծխելու ախորժակ բացելու համար: Սաստիկ ծխելն իր ետևից բերում էր և սաստիկ հազը, տևական ու տանջալի այնքան, որ աչքերից արցունք էր հոսում: Դրանից ազատվելու ելքը գտնում էր առավոտները մի քիչ օղի խմելու մեջ: Բայց դա էլ ելք չէր:
Կնամեծար էր չափազանց, վերստին չափազանց: Եվ բառիս ամենալայն իմաստով՝ մայրը, կինը, զոքանչը, ընկերների կանայք սրբություն էին իր աչքում, որոնց հետ վարվում էր խորին երկյուղածությամբ:
Վահագն Դավթյանը պատմում է իր ու Սևակի վերջին հանդիպման մասին․ «Հայաստանի գրողների հերթական համագումարն էր, որ ավաղ, վերջինը եղավ Պարույրի համար: Միջանցքում զբոսնում էինք, երբ հանկարծ կանգ առավ ու շեշտակի ասաց.
-Նարեկացու մատյանի մեջ մի այնպիսի գաղտնիք եմ բացել, որ եթե ասեմ՝ կշշմես…
Գիտեի, որ վաղուց Նարեկացուն իր սրտի ու մտքի մաղով է անցկացրել, ուրեմն ի՞նչ նոր գաղտնիք պիտի բացած լինի…
-Մի միտք էի զարգացնում,- շարունակեց նա,- և կարծում էի այդ միտքս հաստատող օրինակներ կգտնեմ մատյանի ցանկացած էջում: Բայց թերթում եմ մատյանը, և և չկա այդպիսի օրինակ: Ամբողջը նորից ու նորից եմ կարդում, և չկա այդպիսի օրինակ… Զարմանում եմ ու շշմում…
Հարցնում եմ․
-Ինչպիսի՞ օրինակ…
-Հիմա ասեմ…
Բայց հենց այդ ժամանակ մարդիկ, լուսանկարիչներ շրջապատեցին մեզ, ու Պարույրն ասաց.
-Թող մնա, հետո կասեմ…
Բայց, ավա՜ղ, «հետո» չեղավ: Այլևս չտեսա Պարույրին: «Հետոն» սև բոթն էր, որ կայծակի պես պայթեց ամառային խաղաղ օրվա մեջ: «Հետոն» նրա փակ շուրթերն էին, որոնց վրա լռել էին և այդ, և բազում այլ գաղտնիքներ, որոնցով լեցուն էր նրա ստեղծագործական գաղտնարանը:
Իսկ քունքին փոքրիկ, արնածոր աստղի պես մի վերք կար:
Ես մշուշված աչքերով նայում էի աստղանման այդ վերքին և թվում էր, թե նա պոկվելով Պարույրի ճակատից, բարձրանում է վեր, բարձրանում հայ պոեզիայի երկնակամարը, այնտեղ հավերժորեն շողշողալու համար»:
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/01/24/104432?fbclid=IwAR3Lj7r8CjkoWblAKpnb_h9_4kPb82NmmtXAi2CPPN3cjtE9MacGlo-xD1w