Պարզ, շիտակ ու նվիրված մարդ էր…Արմենը զոհվել է «Պըլը Պուղու» քարի հարակից դիրքում

«Եղբայրս Քրիստոսի տարիքում զոհվեց։ Մեզ թողեց իր կտորը, որդուն՝ Վալերկային, որի մեջ մենք Արմեն ենք փնտրում». Գեղեցիկ Խաչատրյանը MediaHub-ին պատմում է հորեղբոր որդու՝ Արմեն Բաբայանի մասին, ով զոհվեց արցախյան վերջին ռազմական էսկալացիայի ժամանակ.

«Արմենը քաղաքացիական աշխատող էր։ Քանի որ 2020-ից հետո մեծացել էր Արցախի առաջնագծային հատվածը, դիրքապահների պահանջ կար։ Իրենց կազմակերպությունից մի խումբ անձինք ջոկատ են կազմել ու հասարակական հիմունքներով հերթապահություն իրականացրել, դա իրենց կամավոր ցանկությունն էր»։

Գեղեցիկն ասում է, որ սեպտեմբերի 19-ն իրենց ընտանիքի համար անբացատրելի, սարսափելի օր է եղել. «Չգիտեի՝ ո՞ւմ մասին մտածել՝ ընտանիքս, մանկահասակ երեխաս, դիրքերում գտնվող եղբայրս ու մերոնք մնացել էին պաշարված Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում»։

Քրոջ պատմելով, Արմենը վերջին անգամ խոսել է իր հարազատ եղբոր հետ։ Վերջինս խնդրել է, որ քանի դեռ իրավիճակը վերահսկելի է՝ գոնե քաղաք վերադառնա, ընտանիքի մոտ, բայց

Արմենը բացառել է. «Չեմ կարող ընկերներիս մենակ թողնել»։

«Արմենը զոհվել է նույն օրը՝ Շոշ գյուղի մատույցներում, արցախցիներին հայտնի «Պըլը Պուղու» քարի հարակից դիրքում։ Մի քանի օր շարունակ նրա հետ կապ չենք կարողացել հաստատել։ Մտածել ենք, որ զոհվել է, բայց հստակ ոչինչ չգիտեինք, կարծելով, որ անտառներում կլինի։ Իրենց դիրքից միայն ինքն է զոհվել, մյուսները հայտնի չէ ինչպես, բայց եկել են»,-պատմում է Գեղեցիկը, նշելով, որ Արմենը բոլոր քույրերից իրեն առանձնահատուկ սիրով ու հարգանքով էր վերաբերում։

«Ես էլ հարազատ եղբայր չունեմ, ուստի ցանկացած հարցով ես միշտ իրեն եմ դիմել, դեռ փոքր տարիքից»,- ասում է նա։
Արմենի դին գտնելու և տարհանելու փրկարարների աշխատանքը մի քանի օր արդյունք չի տվել։ Գեղեցիկի խոսքով՝ 3 oր որոնողափրկարարական խմբերը հետ են ուղարկվել. խաղաղապահներն ասել են, թե այսօրվա ժամանակը սպառվել է, հաջորդ օրը՝ ադրբեջանցիները չեն թողել, մյուս այցին՝ ասել են, որ այդ տարածքում դիակ չկա։

«Սեպտեմբերի 25-ին փրկարարներին վերջապես հաջողվեց եղբորս մարմինը տեղափոխել Ստեփանակերտ»,-հիշում է քույրը։
Արմեն Բաբայանի ընտանիքը նրա դիակը մեծ դժվարությամբ տեղափոխել է Հայաստան։ Նա հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Առանց Արմենի շատ դժվար ու անիմաստ է կյանքը։ Մեր ամբողջ ընտանիքին, իր սիրելի կնոջը՝ Սիրարփիին ու բոլոր ընկերներին ապրեցնում են Արմենի մասին հիշողությունները, միասին անցկացրած մեր ամեն օրը, որ այսօր երանի ենք տալիս։ Պարզ, շիտակ ու նվիրված մարդ էր, որ հավերժ նվիրվեց հայրենիքին»,- հավելում է մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Оставьте комментарий