Առանց Ցոլակի չեմ հերիքում, առաջվա պես ուժեղ չեմ, մնացել եմ առանց հենարանի …

Առանց Ցոլակի չեմ հերիքում, առաջվա պես ուժեղ չեմ, մնացել եմ առանց հենարանի …
«Ցոլակը միայն ամուսին չէր, ընկեր էր ու մարդ, ում կողքին ես ավելի ուժեղ էի, ավելի վստահ». Լուսինե Գրիգորյանը՝ Արցախի կորստին զուգահեռ, պատերազմից հետո վառելիքի պահեստում պայթյունի ժամանակ կորցրեց ամենաթանկը, ամուսնուն՝ Ցոլակ Գրիգորյանին։

Վերջինս հատուկ նշանակության ջոկատի մարտիկ էր, իսկ վերջին ամիսներին իր ծառայությունը շարունակել է ՆԳՆ հատուկ նշանակության գումարտակում որպես հրամանատարի տեղակալ։
«Նա սիրում էր բոլորին, բայց, կարծում եմ, ամենաշատը հայրենիքն էր սիրում։ Ինչերի միջով ասես, որ չի անցել՝ պատերազմներ, տեղային մարտեր։ Անգամ հրադադարի խախտումների ժամանակ ծառայողական պարտականություններից ելնելով հայտնվում էր այնտեղ, որտեղ անհրաժեշտ էր, անում էր, ինչ պետք էր, միայն թե հայրենիքը խաղաղ լիներ։ Շուրջ 13 տարվա ծառայության փորձ ունի։ Մինչ այդ սովորել է արտասահմանյան ռազմական ուսումնական հաստատություններում, արժանացել մի շարք պետական ու գերատեսչական մեդալների, պատվոգրերի»,- պատմում է կինը։

4-ամյա կապիտան Գրիգորյանն իր մարտական ընկերների հետ ամենաթեժ կետերում էր նաև 2023 թվականի սեպտեմբերյան մարտերին։ Պատերազմի ելքը՝ Արցախի հայաթափում, հայրենիքի կորուստ։

«Եկավ տուն, շատ անտրամադիր էր, հետը բառ փոխանակել չէր լինում, անընդհատ կրկնում ու հարցնում էր, թե «ինչո՞ւ սա պետք է լիներ արդյունքը, ես ոչ մի տեղ չեմ գնա»»,- հիշում է Լուսինեն։

Կնոջ խոսքով, երբ քաղաքը դատարկվում էր, իսկ իրենք 2 անչափահասների հետ դեռ քաղաքում էին, Ցոլակը սեպտեմբերի 25-ին հրաման է ստացել ծառայություն իրականացնել Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստի տարածքում։

«Այնտեղ անկառավարելի վիճակ էր, բոլորը վառելիք էին ուզում իրենց ընտանիքներին փրկելու համար։ Հետո երեկոյան տեղի ունեցավ պայթյունը։ Երբ իմացա կատարվածի մասին, անմիջապես մեկնել եմ դեպքի վայր։ 5 օր շարունակ մասնակցել եմ նրա որոնումներին։ Ինձ փոխանցվեց միայն Ցոլակի հեռախոսը, որը զարմանալիորեն անվնաս վիճակում էր»,- ողբերգական օրերը հիշում է մեր զրուցակիցը:

Երեխաների հետ Լուսինեն վերջիններից մեկն էր, որ լքեց Ստեփանակերտը։ Ամուսնու որոնումները շարունակեց այստեղ։ Ուղիղ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 25-ին, Լուսինեին փոխանցեցին կյանքի ամենացավոտ լուրը՝ ԴՆԹ թեստով նույնականացվել է Ցոլակի ինքնությունը։

«Բերեցին փակ դագաղով, նույնիսկ հավատս չի գալիս, որ նա ողջ չէ։ Դժվար է հավատալ կատարվածին։ Ինչերի միջով անցավ, ինչ ճակատագիր բաժին հասավ։ Հեռախոսից բացի Ցոլակի անձնական իրերից ոչինչ ինձ չմնաց։ Ցավալին այն է, որ նա իր գիտակցական կյանքի ընթացքում նվիրվել է ծառայությանը, մասնակցել երկրի պաշտպանության համար մղված մարտերին, բայց չթույլատրեցին հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, փոխարենը՝ «Սիլիկյան» քաղաքային գերեզմանատանը հուղարկավորեցինք»,- վշտանում է նա։

Լուսինեն այժմ որդու և դստեր հետ վարձակալական հիմունքներով ապրում են Երևանում։ Սոցիալական խնդիրներին զուգահեռ նա միայնակ փորձում է զավակներին՝ հորն արժանի դաստիարակություն տալ։

«Մեկ-մեկ չեմ հերիքում, առանց Ցոլակի կյանքը ոչ միայն կորցրել է իր գույները, այլև առաջվա պես ուժեղ չեմ, հենարան չունեմ»,- հավելում է Լուսինե Գրիգորյանը։

Оставьте комментарий