Զինվորները օրհնվեցին…լուսանկարներ

Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Ս․ Պատարագ՝ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն էր։ Հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձավ Ս․ Սարգսի վարքին և օրվա խորհրդին` նշելով, որ այս տոնը հատկապես պատգամ ունի փոխանցելու զինվորականներին․ «Ո՞վ էր Սուրբ Սարգիսը՝ զինվորական և սուրբ, նրա անձի մեջ միավորվել էին ռազմիկն ու սրբակենցաղ քրիստոնյան, ֆիզիկական ու մտավոր ուժին միացել էր հավատքի ուժը, միավորվել էին փայլուն ռազմական գործիչը և Քրիստոսի լույս հավատքի քարոզիչը։ Յուրաքանչյուր զինծառայող այս տոնից սովորելու բան ունի, որովհետև Ս․ Սարգսի կերպարը մեզ ապացուցում է, որ զինվորական ծառայությունը և ճշմարիտ հավատքի կյանքով ապրելը ոչ միայն չեն հակասում միմյանց, այլև լրացնում են։ Որովհետև որևէ ծառայություն կամ գործ, եթե չի արվում հավատքով ու սիրով, ապա այն թերի է։ Եվ հակառակը, եթե հավատքը չի ուղեկցվում ծառայությամբ ու բարի գործերով, ապա այն թերի է՝ համաձայն Պողոս առաքյալի վկայության․ «Հավատքն առանց գործերի մեռած է»։

Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների տոնի առթիվ Մայր Աթող Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ եկեղեցի էր բերվել Ս. Սարգսի մասունքակիր աջը։ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից բերվել էր 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը։ Ս. Պատարագի ընթացքում այս սրբությունների կողքին էր նաեւ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության խորհրդանիշ՝ Աշոտ Երկաթի խաչը՝ Քրիստոսի խաչափայտի մասունքով:

Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց զինվորների և երիտասարդների օրհնության կարգ։

Շնորհավորելով երիտասարդներին, զինվորներին, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներին` Նավասարդ Սրբազանը Ս․ Սարգիս զորավարի զորակցությունն ու բարեխոսությունը մաղթեց հավատավոր մեր ժողովրդին և հատկապես Հայոց Բանակի զինծառայողներին, ապա՝ Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին:

Оставьте комментарий