Եթե Արցախի իշխանությունը և Արցախի պաշտպանները այսօր գտնվում են գերության մեջ, ուրեմն Արցախը գերության մեջ է, ուրեմն արցախահայությունը, հայ ժողովուրդը գերության մեջ է. այս մասին ասաց Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, որն այժմ հոգևոր ծառայություն է մատուցում Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։
«Եթե Արցախի իշխանությունը և Արցախի պաշտպանները այսօր գտնվում են գերության մեջ, ուրեմն Արցախը գերության մեջ է, ուրեմն արցախահայությունը գերության մեջ է, ուրեմն հայ ժողովուրդը գերության մեջ է։ Ի՞նչ քայլեր ենք անում, որպեսզի հետ բերենք մեր գերեվարված տղաներին։ Այսօր մենք դավ ենք հյուսում Եկեղեցու դեմ, սա՞ է մեր հավատքը, էլ ի՞նչ քրիստոնյա։ Եթե մենք քրիստոնյա ենք ու հարձակվու ենք Եկեղեցու վրա, քարկոծում Եկեղեցին, դա՞ է մեր հավատքը։ Այսօր էլ չար մարդիկ համախմբվում են, որպեսզի մոտակա օրերը գնան ու քարկոծեն Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր հայերին, առաջնորդին ու Եկեղեցին»,- ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ժողովուրդն այսօր չի համախմբվում հավատքի շուրջ։
«1990-ական թվականներին մեր բանակը ամենահզորն էր տարածաշրջանում մինչև 2018 թվականը։ Այսօր մեր հայոց բանակը ծնկի եկած է, ամենաթույլն է տարածաշրջանում։ Ինչո՞ւ, ո՞ւր է մեր տղաների ոգին, այն բանակը, որով հպարտանում էր հայ ժողոուրդը, այսօր չի հպարտանում։ Այսօր մենք թղթի վրա աշխարհով մեկ աղերսում ենք խաղաղություն, վստա՛հ եղեք, դա չի լինելու, մենք մեր ուժով պիտի ապացուցենք, որ մենք հայ ենք ու քրիստոնյա:
Աստված ասում է՝ մարդ երկու տիրոջ չի կարող ծառայել, այսօր Հայաստան աշխարհն Աստծուն թողել է մի կողմ և պաշտնում է նյութին: Եկեք քաջություն ունենանք, և մարդու երեսին ասենք իր սխալները, դա նշանակում է, որ մենք նրան սիրում ենք։
Եթե մենք համախմբվենք, վստահ եղեք, որ այս տարի՝ հուլիս-օգոստոսին, մենք կլինենք ազատագրված Արցախում»,- ասաց Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։