Առաքել Տիգրանի Տիգրանյանը ծնվել է 2002 թվականի մարտի 15-ին Հրազդան քաղաքում։ Հաճախել է մանկապարտեզ, այնուհետև հաճախել է Հրազդանի 10-րդ դպրոց։
Առաքելը տան 4-րդ երեխան էր, երկու մեծ եղբայրներից 12 և 13 տարով փոքր։ Մանուկ հասակում շատ կապված է եղել իրենից երկուսուկես տարով մեծ քրոջ հետ․ ամբողջ օրը միասին էին։ Մեծանալով Առաքելը դարձավ ինքնամփոփ, աղմուկ չէր սիրում, փակվում էր սենյակում, չէր սիրում կիսվել։ Առաքելը շատ էր սիրում «Բանակում» սերիալը․ երևի ուզում էր հավատալ, որ բանակում նույն չափ ուրախ էր անցնելու։ Գուցե այդպես էլ լիներ, եթե չլիներ այդ չարաբաստիկ պատերազմը։
Առաքելը 2020թ․ հուլիսի 1-ին զորակոչվեց բանակ։ Սկզբում տարան Մարտունի 2, որտեղ մնաց երկու ամիս։ Հենց այդտեղ էլ տեղի ուեցավ երդման արարողությունը, որին, ցավոք, COVID-ի պատճառով թույլ չտվեցին ներկա գտնվել։ Հետո տարան Հադրութ։ Երկու շաբաթ հազիվ էր անցել, զանգեց դիրքերից։ Հիշում եմ, սեպտեմբերի 21-ն էր զանգեց, ասաց, որ ինքնքկամ բարձրացել է դիրքեր՝ իր ուրալը վարելու։
Պատերազմը սկսվելու օրվանից չորս օր չզանգեց։ Հետո զանգեց, ասաց, որ ամեն ինչ նորմալ է։ Ես չասացի, որ գիտեմ՝ պատերազմ է, ինքն էլ լռեց դրա մասին։ Արագ հարցրեց բոլորից՝ ոչ ոքի չմոռանալով։ Երբ լսեցի պայթյունի ձայներ, հանգիստ ասաց,-«Մեր մոտ ամպրոպա ու քամի, դրա համարա ավելորդ ձայներ լսվում։ Լավ, մա՛մ, հետո կզանգեմ»։
Բոլորի հետ կապ էր պահում, իմացել էր, որ երկու եղբայրներն էլ կամավոր էին գրվել։ Հենց այդ օրը ականը մոտ էր ընկել ու կանտուզիա էր ստացել, երեք օր չէր կարողանում խոսել։ Տասը օր հետո հայտնվել էր շրջափակման մեջ։
Զանգել էր մեծ եղբորը, որ հրաժեշտ տա, բայց շրջափակումից, փառք Աստծո, դուրս էին եկել։ հոկտեմբերի 25-ին առավոտից զանգում էր։ Բոլորի հետ խոսեց, 7-8անգամ զանգած կլիներ, գրեթե ասելիք էլ չկար։ երեկոյան 20:10 վերջին անգամ զանգեց․ ուզում էր եղբոր փոքր աղջկա՝ մեկամյա Նարեի հետ խոսել, ով խոսել էլ չգիտեր, ասում էր,-«Ոչինչ, տուր, ինքը կխոսա»։
Հետո ինձ ասեց․-«Մա՛մ, էնքան զանգեցի ձեզ հոգնացրի չէ՞։ Դե լավ, առավոտ կզանգեմ։» Ես էլ ասեցի,-«Առաքե՛լ ջան, առավոտ շուտ զանգի, որ օրս հանգիստ լինի», «Լավ, մա՛մ ջան, եղավ, հաջող»։
Հաջորդ օրը չզնագեց, բոթը ստացա հեկտեմբերի 27-ին․․․․
Մոտ երեք ամիս անց գտանք այն տղային ում հեռախոսով, որ զանգում էր Առաքելը։ Հենց ինքն էլ պատմեց այդ չարաբաստիկ օրվա մանրամասները։
-Մեզ տարել էին Կարախամբելի։ Տղաները նկատեցին անօդաչուն, և բոլորը վազում էին բունկեր։ Առաքելը ձեռքերը գրպանում հանգիստ կանգնած էր։ Ես ու ընկերս վազեցինք հեռու, որովհետև գետնափորը փոքր էր․ միևնույն է չէինք տեղավորվելու։ Տղաներից մեկը, ով չէր էլ տեղավորվում բունկերում, կանչում է Առաքելին,-«Արի՛, Առաքել ջան, դու էլ արի»։ Բայց Առաքելը ասել է,-«Չէ տղերք ջան, դուք մտեք, սաղ տոչնիա»։ Երբ ռմբակոծությունը դադարեց, ես ու ընկերս վերադարձանք, Առաքելին ու մյուս զինվորին մահացած գտանք։ Առաքելը գիտեր, որ գետնափորում քիչ տեղ կար, բայց ինքը ամենամոտն էր կանգնած գետնափորին, կարող էր առաջինը մտնել, բայց չէր մտել։