Շները հարձակվել են 72-ամյա կնոջ վրա, ինչպե՞ս է նրա վիճակը․ մանրամասներ
Օրեր առաջ Էջմիածնում թափառող շները հարձակվել են 73-ամյա մի կնոջ վրա, որից հետո կինը տեղափոխվել է հիվանդանոց՝ «գլխի, պարանոցի, վերջույթների հատվածի բազմակի կծած վերքեր» ախտորոշմամբ։ Հիվանդանոցում վերջինս վիրահատվել է, առողջական վիճակը կայուն է, գնում է դեպի լավացում։
MediaHub-ի տեղեկություններով՝ կինն աշխատում է Էջմիածնի համայնքապետարանում, մաքրուհի է, և դեպքը տեղի է ունեցել աշխատանքի ժամին։ Ըստ մեր տեղեկությունների, սա առաջին դեպքը չէ․ համայնքում տասնյակ անգամներ շները հարձակվել են քաղաքացիների վրա։
«Նախորդ տարի մոտ մեկ տասնյակ հարձակման դեպք է արձանագրվել, երբ քաղաքացիները դիմել են համայնքապետարան։ Բայց այո՛, դեպքեր արձանագրվում են»,- մեզ հետ զրույցում հայտնեցին համայնքապետարանից։
Հարցին, թե ի՞նչ ձևով է համայնքը պայքար մղում թափառող շների դեմ, Էջմիածնի քաղաքապետի մամուլի քարտուղար Սիրանուշ Գևորգյանը պատասխանեց՝ իրենք ընտրել են ստերջացման ռազմավարությունը։
«Մենք միայն ստերջացման ռազմավարությունն ենք օգտագործում։ Նախորդ տարի 64 շուն ստերջացրել ենք։ Բայց այստեղ էլ խնդիր ունենք, դժվար է մրցութային կարգով գտնել ընկերություն, որը համաձայնում է իրականացնել ստերջացում։ Այնուհանդերձ, նախորդ տարի 64 ստերջացում արվել է։ Իսկ այս տարվա համար անգամ հաղթող ընկերություն չունենք, որ ստերջացմամբ զբաղվի»,- նշեց նա։
Իսկ քանի՞ չստերջացված շուն կա, որ կարող է հարձակվել քաղաքացիների վրա, Գևորգյանը հստակ չպատասխանեց․ թվային տվյալ չունի։
Անդրադառնալով շան հարձակման զոհ դարձած կնոջ առողջական վիճակին՝ քաղաքապետարանի խոսնակը նշեց, որ աշխատակցի վիճակը դեպի լավն է գնում:
«Մենք անընդհատ կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ, ամեն ինչ դեպի լավն է գնում»,- ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ խնդիրը միայն Էջմիածնում չէ․ MediaHub-ը պարբերաբար անդրադառնում է թափառող շների խնդրին՝ ցույց տալով, որ հանրապետությունում շների դեմ պայքար իրականացնել չի հաջողվում, այդ առումով կառավարությունը ձեռքերը լվացել է՝ խնդիրը թողնելով համայնքային իշխանության դաշտում, իսկ համայնքներն էլ չգիտեն՝ ինչպես պայքարել, եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի կազմակերպություն չի դիմում։