Մենք նման էինք որբի, Հայաստանում հայտնվելով հասկացա՝ որբ չենք. «մոխիրներից հառնած» ստեփանակերտցի Էլինա
Առաջին լուսանկարում «Մոխիրներից հառնած մայրը» խորհրդանշող արձանն է, որը տեղադրվել է 2002 թվականին՝ Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում։ Երկրորդ լուսանկարում արցախցի Էլինա Բալասանյանն է, սեպտեմբերի 19-ին հրետակոծվող Ստեփանակերտում, երբ փոքրիկ Լուսեի հետ շտապում էր Ստեփանակերտի Մայր տաճարի ապաստարան։ Պահը հավերժացրել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։
MediaHub-ի հետ զրույցում Էլինան ասաց, որ բռնի տեղահանությունից հետո իր ընկերներից առաջինը Սամվելն է նույնացրել իր լուսանկարը՝ Ծիծեռնակաբերդի մայրությունը խորհրդանշող արձանի հետ։ «Երբ ստացա լուսանկարի կոլաժը, արտասվել եմ, նույն ճակատագիրն է՝ ավելի քան 100 տարի անց»,- ասաց երիտասարդ մայրը։
Սեպտեմբերյան դեպքերը փոխեցին Էլինայի բնակության հասցեն ու երազանքները։ Գաղթը նրա համար սկսվել է սեպտեմբերի 25-ին։ Տեսարանները, որին ականատես է եղել ինքը դեռ Ստեփանակերտում, ասում է, երբեք մոռանալ չի լինի։ Խցանումների պատճառով ժամերով մեքենաները կանգնած են եղել նույն վայրում՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի հարակից ճանապարհին։
«Մարդկանց ելումուտը չէր դադարում։ Բոլորն արտասվում էին. մեկի որդին է զոհվել, մյուսի ամուսինը, ովքեր էլ օրերով տեղեկություններ չունեին հարազատից, եկել էին հիվանդանոցներում փնտրելու, գուցե հրաշք կլիներ։ Մեկն էլ տեղում կորստի լուրն առնելով ուշաթափվում էր։ Ճանապարհից լսվում էր վիրավորների գոռոցի ձայնը․ դա էր դժոխքը»,- հիշում է Էլինան։
Նույն տեղը ժամերով կանգնելուց հետո մայրը մանկահասակ երեխային փրկելու համար դիմել է իր համար արտասովոր քայլերի։ «Բժշկական համալիրից ներքև, 4-րդ դպրոցի հարակից տների դռները բաց էր։ Մտել եմ բակ, հարցնում եմ՝ տանը մարդ կա՞, որ ուտելու բան խնդրեմ։ Ամբողջ այգու բերքատու ծառերի վրա միրգ էր, խաղող, սերկևիլ։ Մի կին մոտեցավ, խնդրեցի, ասաց որքան պետք է տար։ Ես իմ ունեցած բերքից բաժին հանեցի նաև խցանման մեջ հայտնված երեխաներին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դա իր կյանքի ամենատխուր օրն էր, երբ ստիպված պիտի լքեր քաղաքը, որն ինքը չէր ուզում։
«Ես չէի ուզում լույսը բացվեր, որովհետև դա վերջին գիշերն էր Ստեփանակերտում։ Կամաց-կամաց առաջ գնալով հասել ենք Եղբայրական հուշահամալիր։ Մտել եմ ու հրաժեշտ տվել տղերքին, համբուրել բոլոր քարերը, հող վերցրել։ Ես ուզում էի փոքր երեխայի պես պառկել գետնին ու գոռալ, որ չեմ ուզում գնալ։ Չէի ուզում հրաժեշտ տալ քաղաքին, բայց հետո, երբ գիտակցեցի, որ մայր եմ ու Լուսեիս կյանքը պիտի փրկեմ, սթափվեցի: Քանի-քանի մեքենայի դուռ եմ թակել, հաց խնդրել, որ Լուսես սոված չմնա, պատմելու չէ»,- հիշում ու արտասվում է 23-ամյա կինը։
Ստեփանակերտի «Մազի կամրջում» քաղաքը վերջանում է։ Էլինան իր ընտանիքի անդամների հետ գիտեր, որ ճանապարհը դեռ երկար է լինելու, իսկ հացի խնդիրը սուղ է։
«Կամրջին հարակից տների բակում 3 հավ տեսանք, ևս 2-ը սատկել էին։ Հավերին վերցրեցինք, տեղավորեցինք նույն մեքենայի մեջ, գիտեմ, կզարմանաք, բայց այլ ելք չկար։ Որոշել էինք ճանապարհին անհրաժեշտության դեպքում հավը խաշել, այնինչ ածան հավեր էին ու կես ճանապարհին հավերից մեկը ձու ածեց։ Այնքան էի ուրախացել։ Մի տեղ մեր հայրենակիցները սուրճ էին եփում։ Խնդրեցի, ձուն խաշեցի, Լուսես կերավ։ Հետո այդ հավերը իմ բիզնես գաղափարի գլխավոր բաղադրիչը դարձան»։
Բալասանյանների ընտանիքը գաղթի ճանապարհին մի շարք փորձությունների է հանդիպել. վերջացել է մեքենայի վառելիքը, որոշ քանակի բարեկամն է տրամադրել, հասել են Հակարիի կամուրջ։ Էլինան ասում է, որ ադրբեջանցիները մոտեցել ու ջուր են առաջարկել, նրա փոքր եղբայրը թեպետ ծարավ է եղել, բայց չի վերցրել։
«Մենք նման էինք որբի, անտեր, անտուն, չգիտեմ ի՞նչ ասեմ։ Ադրբեջանցիների հեգնական «մեծահոգությանը» հաջորդեց հայկական կողմում հայտնվելու տեսարանը։ Ուտելիք ու ջուր են հյուրասիրում, հյութ, քաղցրավենիք, տաք թեյ, անգամ վառելիք, մի խոսքով հասկացա, որ որբ չենք, տեր ունենք։ Փոքր եղբայրս քաղցր ձողիկները տեսել, ուրախացել էր, հարցրեց՝ կարո՞ղ եմ ուտել, թե՞ պահեմ Լուսեին»,- հիշում է նա։
Էլինայի ընտանիքը 2 օր ապրել է Վայոց ձորի հյուրատներից մեկում, հետո տեղափոխվել Էջմիածին։ Տուն են վարձել, հավաբուն կառուցել ու Արցախից բերված 3 հավերին գումարել ևս մի քանիսն ու զբաղվում է թռչնաբուծությամբ, միաժամանակ սիրելի աշխատանքով՝ մեղվաբուծությամբ։ Մասնագիտությամբ բանասեր կինն այժմ սիրահարված Լոռվա բնությանը, մարզի գյուղերից մեկում իր հեքիաթային տունն է փնտրում, որ շատացնի մեղվաընտանիքները, զարկ տա հավաբուծությանը, զբաղվի անասնապահությամբ, հողի աշխատանքով, ծաղիկներ աճեցնի։
«Սիրով հյուրեր էլ կընդունեմ, ճանապարհեմ։ Էկոտուրիզմի երազանքներիս մասին հետո կխոսեմ»։
Գաղթի ճանապարհն, ասում է, ինքն իրեն բացահայտելու առիթ էր։ Էլինան միայնակ մայր է, ուժեղ, չհանձնվող, որ ոչնչից արդեն չի վախենում, աշխատանքից չի ամաչում. «Պատահական չէ, որ հենց ինձ են նույնացրել մայրությունը խորհրդանշող արձանի հետ։ Ամեն ինչ անելու եմ Լուսեիս պաշտպանելու և նրան լավ ապագա պարգևելու համար»,- հավելեց նա։