Գաղթի ու խուճապի 3-ամյա զnհը․ Ալեքսանդրայի սիրտը դադարեց բաբախել հիվանդանոցում

Սեպտեմբերի 27-ին Զաքարյանների ընտանիքը բոլորի պես ևս պատրաստվում էր բռնել գաղթի ճանապարհը։ Արփինեն MediaHub-ին պատմում է, որ սեպտեմբերի 25-ին ՊԲ ՎՔՆ պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժել են նաև ամուսնու՝ Արթուրի քրոջ տղաները։ Ընտանիքը սպասել է մինչև տուժածներին ուղղաթիռներով տեղափոխել են Հայաստան, հաջորդ օրն իրենց հերթն էր։

«Հավաքել էինք անհրաժեշտ իրերը, երեխաների համար պատրաստել ճանապարհի սնունդը, սպասում էինք` մինչև երեխաներն արթնանան ու մենք էլ դուրս գանք տնից, մանավանդ, որ գնալով քաղաքը դատարկվում էր։ Ներքին անհանգստություն կար, իսկ պայթյունից հետո նաև խուճապ։ Ալեքսանդրան արթնացավ ու քնաթաթախ առաջ եկավ ուղիղ այնտեղ, որտեղ մեր հարազատներից մեկը տարայի մեջ եռման ջուր էր դրել, ոտքը ոլորվեց ընկավ այդ տարայի մեջ»,- հիշում է երիտասարդ մայրը, նշում, որ ինքն ու Արթուրը Ալեքսանդրայի ծնունդին սովորականից ավելի երկար են սպասել․ 7 տարի։

Ծնողներն իրենց չեն կորցրել, հանել են երեխայի հագուստը, ճեղքելով քաղաքի խցանումները՝ շտապել մանկական բուժմիավորում, որ փրկեն փոքրիկի կյանքը։ «Մանկական հիվանդանոցում բժիշկ չկար։ Պայթյունից այրվածքներ ստացած բուժառուներին Հայաստան ճանապարհելուց հետո, իրենք էլ դուրս էին եկել։ Այդտեղից առանց ժամանակ կորցնելու գնացել ենք հանրապետական բժշկական կենտրոն։ Ապրումներս ահավոր ծանր էին, երեխաս ցավերի մեջ։ Այստեղ բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերում, սրսկում Ալեքսանդրային, վստահեցնում, որ անհանգստանալու բան չկա և որ կարող եք տանել։ Այդ ընթացքում Ալեքսանդրան անընդհատ ասում էր «մամ ուզում եմ քնեմ», բժիշկներն ասացին` «թող քնի, այդպես ցավերը շատ չի զգա»։ Ալեքսանդրան փակեց աչքերը ու այլևս չբացեց․ սրտի կանգ գրանցվեց»,- արտասվում է երիտասարդ կինը։

Մոր խոսքով` Ալեքսանդրան, չնայած 3 տարեկան 3 ամսական էր, կյանքով լեցուն, շարժվող, աշխույժ երեխա էր։ Թաղամասում մեծից փոքր իրենց որպես Ալեքսանդրայի ծնողներ էին ճանաչում։

«Նույնիսկ անծանոթներին էր խոսացնում, ծանոթանում բոլորի հետ, ընկերություն անում, ականջ ծակող ծիծաղ ուներ, շատ ուրախ երեխա․․․։ Նա բոլորի սիրելին էր, սիրտս ցավում է աղջկաս մասին խոսելիս, սրտի ցավն ուրիշ է»։

Հետո եկան դժվարությունները։ Ալեքսանդրային ընտանիքը ևս պետք է տեղափոխեր Հայաստան։ Ծնողները որոշեցին, որ եթե անգամ այլ մեքենա չլինի, նրան գրկած կտանեն։ Արթուրի ընկերների օգնությամբ աղջկա մարմինն այլ մեքենայով հասցնում են Հայաստան։ Ծնողները նրան հուղարկավորել են Մասիսի շրջանում։

Զաքարյանների ընտանիքում տեղահանության օրը կատարվածը՝ ողբերգություն էր։ Երիտասարդ ամուսինները ևս մեկ տղա ունեն։ Արտյոմը, որ շատ կապված էր քրոջ հետ, կարոտում է ամեն օր։

Արփինեն ու Արթուրը փարատվում են դստեր լուսանկարներով ու տեսանյութերով, որ խնամքով պահպանում են իրենց հեռախոսներում։ Հեռվում թողնելով երջանիկ տարիների կյանքն ու հայրենիքը՝ նրանք եկել են Հայաստան, բնակարան վարձել Երևանում։ Արփինեն, ինչպես ինքն է ասում՝ չխելագարվելու համար տանը զբաղվում է ասեղնագործությամբ ու ուլունքագործությամբ։ Ասեղնագործում է տարբեր տեսակի կտորների վրա, հետաքրքիր ու տարբերվող զարդանախշերով պատրաստում է սեղանի սփռոցներ, պատկերներ գործում հագուստների վրա։ Փոքրիկ բիզնես ծրագիր է սկսել։ Ինսթագրամյան «Alexandra_handmade» էջով նաև պատվերներ է ընդունում։

Оставьте комментарий