Մորգերում տեղ չկար, դագաղ չկար, ճանապարհն էլ փակ. տիկին Ամուրան ամուսնուն վերջին հրաժեշտ չտվեց…

«Մարդ որտեղ ծնվի, ամբողջ կյանքն ապրի, ինչպիսի մահ ունենա ու որտեղ հուղարկավորվի». ամուսնու՝ 55-ամյա Գառնիկ Գաբրիելյանի, նրա ողբերգական մահվան մասին MediaHub-ին պատմում է տիկին Ամուրան՝ ափսոսանքով նշելով, որ սիրելի ամուսինը ևս մնաց Արցախում, իսկ ինքը նրա հուղարկավորությանն անգամ չմասնակցեց։

Ամուրա Գաբրիելյանն Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից սեպտեմբերի 25-ին է տեղահանվել ու ապաստանել Էջմիածնում։ Սեպտեմբերի 19-ին նա իր տան բակում էր, զբաղված առօրյա գործերով, իսկ Գառնիկը՝ անտառում։

«44-օրյա»-ից հետո Մաճկալաշենն առաջնագիծ էր․ Ամարասի հովտից քիչ ներքև էր գտնվում ադրբեջանական մարտական դիրքերը, ուստի, ըստ մեր զրուցակցի՝ կրակոցները սովորական էին մաճկալաշենցիների համար։

«Այս անգամ ուրիշ էր, կրակը չէր դադարում։ Կարծես հատուկ ընտրված թիրախներ լինեին, մենակ մեր թաղամասի ուղղությամբ ինչով ասես խփում էին։ Ես մտել էի մեր տան բակում դեռ 90-ականներից կառուցված «բլինդաժ» (գետնափոր տնակ), որ պատսպարվեմ, այդ ժամանակ ամուսինս եկավ ու կանչեց ինձ, ասացի` «բլինդաժ»-ում եմ, արի։ Չեկավ, կանգնեց այդ գետնատնակի գլխին ու նայում էր դիրքերին տեսնի, թե որտեղից են խփում, ինչով են հարվածում։ Ասացի՝ «ինչի՞ ես սպասում, արի, չե՞ս տեսնում՝ ինչ է կատարվում», ինքն էլ ասաց՝ «գնում եմ էրեխեքի մոտ դիրքեր, գուցե կարիքս լինի»,- մանրամասնում է տիկին Ամուրան՝ ասելով, որ ամուսինը «44-օրյա»-ին ինչեր ասես, որ չի արել։

«Նա մասնակցել է առաջին ազատամարտին, իսկ 2020 թվականի պատերազմին, ասում են՝ մեծ սխրանքներ է կատարել։ Դիրքերում գտնվող զինվորներին ինքն էր մեքենայով հաց, ջուր ու անհրաժեշտ պարագաներ հասցնում։ Վիրավորներին էր իջեցնում։ Քանի անգամ է մահից պրծել, հաշվելու չի։ Այդ օրերին զինվորների կողմից արժանացել էր «դուխավիկ ձեդ» մականվանը և մեծ հարգանք էր վայելում»։

Հաշված րոպեներ հետո ադրբեջանական կողմից արձակված հրթիռը հայտնվում է Գաբրիելյանների տան բակում։ «Գառնիկն արնաշաղախ ընկավ ներքև, գլխին բեկորային բազմաթիվ վնասվածքներով, տեղում կորցրեց գիտակցությունը, բայց ողջ էր»,- հիշում է Ամուրա Գաբրիելյանը։

Նրա 2 դուստրերն ամուսացած են, որդին ԱԱԾ ծառայող։ Տիկին Ամուրան միայնակ դուրս է եկել փողոց, օգնություն խնդրել հարևաններից։

«Այնքան խառը իրավիճակ էր, ով կարողանում դուրս էր գալիս գյուղից, ամենուր լացի ձայներ էին։ Այդ պահին հարևանս եկավ օգնության, բայց Գառնիկի վիճակը ծանր էր, չկարողացանք դուրս բերել»։

Մաճկալաշենում խուճապահար իրավիճակ էր, րոպե առաջ մարդիկ ուզում էին փրկվել, գյուղից տարհանել իրենց երեխաներին։ Կինը կանգնել է համագյողացու մեքենայի դիմաց, խնդրել, որ մի բան ձեռնարկեն, փրկեն Գառնիկի կյանքը։ «Գառնիկին հանեցինք «բլինդաժից», հասցրեցինք Ճարտարի հիվանդանոց, այնտեղ էլ վիրավորներին էին բերում, մեզ ուղարկեցին Մարտունի։ Այստեղից-այնտեղից վառելիք հայթայթելով՝ նրան տեղափոխեցինք Մարտունի։ Բժիշկներն ասացին, որ ծայրահեղ ծանր է վիճակը, «եթե կարող եք հասցրեք Ստեփանակերտ»։ Այդ ռմբակոծությունների ուղեկցությամբ տալս գնաց նրա հետ, ես մնացի, չկարողացա գնալ»,- պատմում է կինը։

Նույն օրը թշնամին 2 կողմից փակում է Մարտունին Ստեփանակերտին կապող ճանապարհները։ Մաճկալաշենի բնակչի կյանքը փրկելու համար բժիշկները պայքարում են, որը, սակայն, արդյունք չի տալիս։ Երեկոյան Գառնիկ Գաբրիելյանը մահանում է հիվանդանոցում։

Գառնիկի քույրերը կազմակերպել են նրա հուղարկավորությունը Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։

Տիկին Ամուրան ամուսնուն այդպես էլ չհասցրեց հրաժեշտ տալ. «Ճանապարհը փակ էր, իրավիճակը լարված, ես չկարողացա մասնակցել նրա հուղարկավորությանը… Ինքն ինձ համար հավատարիմ ամուսին էր։ Լավ բնավորության մարդ էր, մեծի հետ մեծավարի էր, փոքրերի հետ էլ հեշտ լեզու էր գտնում։ Մենք շատ ենք ցանկացել նրան ևս տեղափոխել Հայաստան։ Մորգերում տեղ չկար, անգամ դագաղ չկար։ Քույրերը մի քանի օր սպասել են, դագաղի հարցը լուծել, հետո հողին հանձնել»։

Ամուրա Գաբրիելյանը Հայաստան է եկել իր հետ բերելով միայն անձնական փաստաթղթերը, ուրիշ ոչինչ հնարավոր չէր, քանի որ ադրբեջանցիներն արդեն Մաճկալաշենի մատույցներում էին։

Оставьте комментарий