MediaHub-ն արդեն առաջին անգամ չէ, որ ստանում է ընթերցողներից բողոքներ Yandex Taxi կազմակերպության վարորդների պահվածքի վերաբերյալ, բազմիցս այս խնդիրը բարձրաձայնել ենք։
Այս անգամ ահազանգ ենք ստացել տիկին Հեղինեից, ում վարորդը, նախ, իջեցրել է ճանապարհի կեսին մեքենայից, ապա սկսել սպառնալ նրան: Իսկ պատճառն այն է, որ հաճախորդը պատվերի ընթացքում համակարգով փոխել է վճարման եղանակը՝ կանխիկից բանկային քարտով վճարման։
Երեկ տիկին Հեղինեն երեխայի հետ պատվիրում է մեքենա Yandex Taxi հավելվածով, ու քանի որ կանխիկ գումար մոտը չի լինում, փոխում է վճարման եղանակը քարտայինի, որից հետո վարորդը սկսում է սպառնալ հաճախորդին, կանգնեցնում մեքենան և ստիպում կնոջը երեխայի հետ իջնել: Այդ պահին նրանք Մյասնիկյանի պողոտայի վրա են լինում, Երևանի կենդանաբանական այգու հարևանությամբ՝ ամայի տարածքում:
«Դու խաբեբա ես, ես գալու եմ ձեր տուն ու ձեր բակ խայտառակ եմ անելու։ Դու ինձ խաբել ես։ Ձեր շենքում ձեզ խայտառակ եմ անելու, երեխու խաթրի համար ես նստել տաքսի»,- ահա այսպիսի բովանդակությամբ զրույց է վարում սույն վարորդը՝ ստիպելով Հեղինեին և երեխային իջնել մեքենայից Երևանի կենդանաբանական այգու ճանապարհին։
Նշենք, որ քաղաքացին ունի այս ամենը հավաստող ձայնագրությունը, որին ծանոթացավ նաև MediaHub-ը: Մեզ դիմած քաղաքացին նշեց, որ դիտարկում են դատարան դիմելու հարցը, ինչպես նաև պատրաստ են այդ ձայնագրությունը տրամադրել կազմակերպության տնօրինությանը, եթե նրանք, իհարկե, ցանկություն ունեն կապվել իր հետ ու վերջապես լուրջ վերաբերվել քաղաքացիների բազմաթիվ բողոքներին։
Մեզ մնում է միայն ավելացնել, որ այսպիսի դեպքերից հետո կազմակերպությունը պետք է հետամուտ լինի և փորձի հետևել իր աշխատակիցների վարքին, քանի որ, ցավոք, նման դեպքերը գնալով ավելանում են: