Պատերազմի առաջին օրվա առաջին րոպեները, թերևս, ամենածանրն էին այն առումով, որ խաղաղ բնակիչները չգիտեին ի՞նչ անել, որտե՞ղ գնալ։ Այդպես էր և Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում։
Թշնամին կրակում էր ամենուր՝ ինչով ասես։ Գյուղացիների մի մասը որոշեց գնալ ռուս խաղաղապահների հենակետ. «Այդ ժամանակ դա ամենաապահով վայրն էր թվում, որտեղ մեզ վրա չեն կրակի»,- MediaHub-ին պատմում է 76-ամյա Ռիմա Մովսիսյանը։
Նրա ավագ որդի Սլավան զոհվել էր 44-օրյա պատերազմում։ 2023-ի ռազմական գործողություններին, Արցախի պաշտպանության մարտերին մասնակցում էին Ռիմայի 3 որդիները՝ Ռաֆիկը, Ռոբերտն ու Հմայակը, ինչպես նաև Սլավայի 2 տղաները։
«Երբ սկսեցին կրակել գյուղի ուղղությամբ, մենք գյուղի մյուս բնակիչների հետ մտել ենք թաքստոց, բայց քանի որ ժամ առ ժամ ավելի էր թեժանում, որոշեցինք դուրս գալ և գնալ ռուսների մոտ։ Ինձ հետ էին հարսներս, թոռներս, հարևաններս, մի խոսքով՝ մոտ 70 հոգի։ Մեր գյուղից Սասունի «Ֆորդ» մեքենայում փորձեցինք տեղավորվել գնալ ռուսների մոտ, բայց այդ պահին կրակեցին մեքենայի ուղղությամբ, վիրավորում ստացա ես և 6 տարեկան թոռս՝ Ալենը։ Ես ստացել եմ գնդակային վիրավորում աջ ձեռքից՝ արմունկից վերև հատվածում, Ալենը՝ բեկորային վնասվածք է ստացել վզի հատվածում։ Բախտներս բերել է, ողջ ենք մնացել»,- մանրամասնում է մեր զրուցակիցը։
Ռիմա Մովսիսյանի խոսքով, առանց վիրակապվելու հասել է ռուս խաղաղապահների հենակետ։
«Անտանելի ցավեր ունեինք, բայց հետ ու առաջ գնալ հնարավոր չէր։ Ես նույնիսկ չէի մտածում իմ ձեռքի, իմ առողջականի մասին, այդ օրերին մտածմունքս դիրքերում գտնվող տղաներս ու թոռներս էին, ու Ալենը, որ աչքիս առաջ ցավ էր քաշում. Աստված պահել է, վերքը խորը չի եղել»։
Ռուսական հենակետում մի քանի օր մնալուց հետո Ռիմայի տղաներն իջել են դիրքերից։ Խաղաղապահների ԲՏՌ-ով վիրավորում ստացած տատ ու թոռ տեղափոխվել են Մարտակերտի հիվանդանոց։ Հաջորդ օրը՝ Մարտակերտի տարհանման հետ, Ստեփանակերտ են տեղափոխվել նաև Մովսիսյանները։
«Շուրջ մեկ շաբաթ «պուլյան» ձեռքիս մեջ է եղել։ Երբ տեղահանվել ենք Հայաստան, այստեղ հանրապետական հիվանդանոցում 7 ժամ վիրահատել են ինձ։ Հիմա ամբողջ ձեռքս երկաթներով է հավաքված։ Ալենն էլ, փառք Աստծո, հիմա արդեն լավ է»,- ասում է 76-ամյա կինը։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո Ռիմա Մովսիսյանի ընտանիքն ապաստանել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում։ Սոցիալական խնդիրներին զուգահեռ փորձում են հաղթահարել նաև առողջական խնդիրները, որ պատճառվեց ադրբեջանական կողմի թիրախային կրակից, Ճանկաթաղի իրենց բակում։ Վիրահատությունից հետո հաճախ է այցելում բժիշկներին, ռենտգեն հետազոտություն անում, բժիշկներն ասել են՝ «դեպի լավն է գնում»։