3 ամսից ծնվելու է Տիգրանի առաջնեկը, նա երկնքից է ուրախանալու դստեր ծնունդով․․․Տիգրանը հուղարկավորվել է կնոջ՝ Աննայի ծննդյան օրը՝ «Եռաբլուր» պանթեոնում

Սարգսյանների ընտանիքն անհամբերությամբ սպասում է Տիգրանի ու Աննայի առաջնեկի լույս աշխարհ գալուն։ Մտածում են՝ «երեխան ծնվի, գոնե մի քիչ կփարատի մեր հիվանդ սիրտը, որ ցավում է Տիգրանի զոհվելուց հետո»։ Թեպետ ոչ ոք չի կարող լրացնել որդուս բացակայությունը, բայց կարծում եմ երեխան ինչ որ չափով մեզ կշեղի այս գորշ իրականությունից»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գոհար Սարգսյանը։

Նրա որդին Տիգրանը չնայած 27 տարեկան էր, մասնակցել է Արցախի համար մղված բոլոր պատերազմներին։ Երկար տարիներ ծառայել է Արցախի արտակարգ իրավիճակներում որպես փրկարար, այնուհետև ծառայությունը շարունակել ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատում։

«Ընկերներն ասում են, որ ամենուր վայելել է բոլորի սերն ու հարգանքը, ուրախացել բոլորի հաջողություններով, օգնում էր ամենքին, նվիրված էր հատկապես ընկերներին։ Ծնողամեծար էր, անսահման բարի։ Որ ասում են սիրտն էլ ուզես՝ կտա, այդպիսի մարդ էր։ Արցախի պաշտպանության համար խելքն իրենը չէր, սիրում էր իր քաղաքը, իր հայրենիքը»։

Ստեփանակերտում հարգված ու սիրված երիտասարդն անցած տարի շրջափակման պայմաններում կյանքը կապել էր սիրելիի՝ Աննայի հետ։ «Սեպտեմբերի 12-ին դիրքեր գնալուց առաջ, հարսս անակնկալ մատուցեց՝ «Երեխայի են սպասում»։ Հաջորդ օրն ինձ ասացին այդ սպասված լուրը։ Բայց երևի հասկանալով երկրում ստեղծված իրավիճակը՝ հաճախ մտորումների մեջ էր ընկնում Տիգրանը, լիարժեք չէր ուրախանում։ Պատճառը չէի հարցնում, պատասխանը դեմքի արտահայտության մեջ էր»,- պատմում է մայրը։

Նրա խոսքով՝ դիրքերից ամեն օր զանգում էր Աննային, հարցնում նրա ֆիզիկական կարգավիճակի, որպիսության մասին։ Ասել էր՝ «դիրքերից իջնեմ, միասին ենք գնալու բժշկի մոտ ստուգման, մինչ այդ հոգ տար քո մասին, լավ պահիր քեզ էլ, «ճուտին» էլ։ Վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 19-ին՝ նախքան ռազմական գործողությունները»։

Սեպտեմբերի 12-ի հերթափոխը Տիգրանի համար վերջինն էր։ Մեկ շաբաթ անց սկսվում է պատերազմը։ Նա իր մարտական ընկերների հետ «Կաշեն»-ի հանքավայրի հարակից դիրքերում էր։ Կատաղի մարտեր էին ընթանում բնագծի ողջ երկայնքով, «Կաշեն»-ի ուղղությամբ՝ առավել ևս։

«Մեզ այդպես էլ չհաջողվեց խոսել նրա հետ, կապ հաստատել, իսկ այնտեղից ստացվող լուրերն անհանգստացնող էին։ Ասում էին, որ հանքավայրի ուղղությամբ իրավիճակը բավականին լուրջ է։ Պատկերացրեք մեր վիճակը։ Անհանգստությունից ու անորոշությունից ամբողջ գիշերը մեր ընտանիքը լուսացրել է՝ չհասկանալով թե ինչպես»,- արտասվում է Գոհարը։

Հաջորդ օրը կեսօրին հայկական ու ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերվեց կրակի դադարի մասին պայմանավորվածություն։ Բոլոր շրջանները պաշարված էին, հեռակապը՝ բացակա։ Հուսահատությունից մարդիկ իրենց հարազատներին փնտրում էին հիվանդանոցներում, որպեսզի տվյալներն ավելի հավաստի լինեին՝ նաև դիահերձարաններում։ Տիգրանին որոնում էր ամբողջ ընտանիքը։ «Սպասումից կես մարդ էինք դարձել։ Մտածում էի, եթե ողջ լինի, որտեղ էլ լինի, կգա, կճեղքի բոլոր շրջափակումները կգա, որովհետև ինքը միշտ խոստանում էր, որ ուր էլ գնա՝ անպայման պիտի գա»։

Տիգրանին հայտնաբերելու որոնումներն օրեր շարունակ արդյունք չեն տվել։ Նրա հայրն ամեն օր օպերատիվ շտաբում էր։ Ինքն էր ճանապարհում ու դիմավորում որոնողական խմբերին, բայց՝ անարդյունք։ Սարգսյանների ընտանիքը տեղափոխվում է Հայաստան։ Գոհարն իր սիրտն է թողում Արցախում։ Ո՞ւր է գնում՝ չգիտի, բայց ստիպված էր հեռանալ։ «Մտածել եմ գերության մեջ է, կամ անտառներում, և մի օր հրաշքի պես ներս է մտնելու։ Ցավոք, հրաշք տեղի չունեցավ։ ԴՆԹ թեստով նույնականացվեց Տիգրանիս ինքնությունը։ Մենք չհավատացինք և ԴՆԹ թեստ հանձնեցինք Մոսկվայի առաջատար դատաբժշկական փորձաքննության կենտրոններից մեկում․ նոյեմբերի 4-ին հաստատվեց նույն արդյունքով»։

Նոյեմբերի 7-ին Տիգրանի կնոջ՝ Աննայի ծննդյան տարեդարձն էր։ Այդ օրը «Եռաբլուր» պանթեոնը համալրվեց ևս մեկ հերոսով, Տիգրանի հուղարկավորությունն էր․․ Նա իր հետ տարավ ընտանիքի ողջ երջանկությունը, որ միասին ապրել են Ստեփանակերտում։

Գոհար Սարգսյանի հետ ամբողջ զրույցն ընթանում է ընդմիջումներով։ Խոսել, առավել ևս պատմել որդու մասին, չի ստացվում։ «Մայիսին ծնվելու է Տիգրանի աղջիկը, նա երկքից է ուրախանալու դստեր ծնունդով»,- ափսոսում է մայրը։

Տիգրանի հայրը, մայրն ու առավել ևս քույրը՝ Էլինան, չեն կարողանում հաշտվել կատարվածի հետ։ Էլինան այնքան է կապված եղել եղբոր հետ, որ իր որդու անունը դեռ 2.5 տարի առաջ կնքել էր Տիգրան անունով։ Հիմա օրը բացվում է Տիգրանի մասին զույցով, ավարտվում զինվորական պանթեոնում, որտեղ և ամփոփվել է նրա մարմինը։

«Կիսվում էր բոլորիս հետ, հաճախ էր ասում «Մամ, դու ինձ համար մամա լինելուց առաջ ընկեր ես։ Հիմա ամենից շատ խնդրում եմ Տիգրանին, որ ինձ էլ տանի իր մոտ։ Ես, ամուսինս ու աղջիկս մի ամբողջ կյանք ապրել ենք Տիգրանի համար, իսկ առանց նրա՝ ապրելն իմաստ չունի»,- եզրափակեց Գոհար Սարգսյանը։

Оставьте комментарий