«Չեմ հիշում մի օր, որ հայրս աշխատանք չունենար։ Ամբողջ կյանքն աշխատել է, մորս հետ մեզ մեծացրել: Դժվար օրեր շատ է տեսել, չարչարվել է շատ, բայց ընտանիքը բավարար պահել»,-MediaHub-ի հետ զրույցում հոր՝ Օնիկ Բեկնազարյանի մասին պատմում է Լուսինեն։
Օնիկն աշխարազորային էր։ Նախքան հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելը, նա երկար տարիներ աշխատել է Դրմբոնի հանքարդյունաբերական ձեռնարկությունում, ապա՝ Կաշենի հանքավայրում։ Լուսինեի խոսքով, հոգատար հայր էր ու օրինակելի ամուսին, իսկ Արցախի հանդեպ ունեցած պատասխանատվությունը բազմիցս ապացուցել է արցախյան պատերազմներում։ Կնոջ՝ Նուրվարդի հետ Վաղուհաս գյուղում 4 աղջիկ են ունեցել, բոլորին մեծացրել, կրթություն տվել, ամուսնացրել։ 61 տարեկան հասակում էլ դիրքապահ էր՝ 18 տարեկանի եռանդով։
«Սեպտեմբերի 19-ին պատերազմի ժամանակ հայրս եղել է Մռավի լեռներում, ամենաբարձր տեղում էին դիրքը պահում։ Նրա և քրոջս ամուսնու հետ, որն էլի զինծառայող է, խոսել չենք կարողացել։ Շատ անհանգիստ էինք այդ օրը։ Իմ ընտանիքն ապրում էր Ստեփանակերտում, գյուղում մերոնց հետ էլ չկարողացա կապ հաստատել, անորոշ վիճակ էր», -ասում է մեր զրուցակիցը։
Լուսինեի մայրը՝ տիկին Նուրվարդը Գետավանի տեղամասային հիվանդանոցում երկարամյա աշխատող է։ Սեպտեմբերի 19-ին աշխատանքի մեջ է եղել, մի ամբողջ գիշեր լուսացրել է հեռախոսը ձեռքին, հարազատներից որևէ մեկից լուր իմանալու հույսով։ «Մայրս ասում է, որ այնքան անհանգիստ է եղել սիրտս, որ սպասում էի վատ լուրի։ Երբ բարձրացել է մեր գյուղ, Վաղուհասն ու մյուս համայնքներն արդեն դատարկվում էին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Դրա համար մամաս տնից ոչինչ չի վերցրել», -հավելեց նա։
Սեպտեմբերի 20-ին Լուսինեի ընտանիքը ևս միացել է ստեփանակերտցիների հոսքին և գնացել Իվանյան, այնտեղ հանդիպել մորը։ Մյուսներից հետաքրքրվել, իմացել, որ դուստրերի ընտանիքները ողջ են, միայն փեսաներից մեկը, որը դարձյալ դիրքերում էր, նրանից լուր չկա։
Մենք շարունակեցինք մեր փնտրտուքները Ստեփանակերտում։ Ավելի ուշ, երբ քրոջս ամուսինը վերադարձավ դիրքերից, ինքն էլ միացավ որոնումներին, իմացավ, որ պապան զոհվել է։ Այդտեղից սկսվում է մեր տանջալի օրերը։ Պետք էր գտնեինք դիակը։ Սկզբում ասացին Մարտակերտում է։ Այդ օրերին կապի խնդիր կար։ Ներքին կապի միջոցներով մի կերպ կապվեցինք հիվանդանոց, մեզ ասացին այստեղ Օնիկ Բեկնազարյան անուն ազգանունով մարդ չկա։ Եկանք օպերատիվ շտաբ, այնտեղից քննչական կոմիտե, հետո Ստեփանակերտի հիվանդանոցներ, մորգ ու այդպես ամեն օր՝ մի քանի անգամ»։
Օրեցօր դատարկվող Ստեփանակերտում կյանքը կանգ էր առել, մնալը՝ հատկապես երեխաների հետ ժամ առ ժամ դառնում էր վտանգավոր։ Լուսինեն, որպես քույրերից ավագը, որոշում է մորն ու քույրերի ընտանիքներին ուղարկել, ինքը մնար, հակառակ բոլորի հորդորներին՝ մնում է։
«Քննչական կոմիտեից զանգեցին և հեռախոսով ցույց տվեցին նոր բերված դիերի նկարներ։ Հորս ճանաչեցի հագուստով։ Անօդաչու թռչող սարքի հարվածից դեմքը սևացած էր, ոտքը՝ գրեթե կտրված․․․ երանի չտեսնեի այդ կադրերը։ Հետո գնացինք մորգ, ասացին պիտի հուղարկավորեք, մենք չհամաձայնվեցինք»։