«Պետք է գնալ անհրաժեշտ համաձայնագրերի ստորագրման ճանապարհով». ինչ է քննարկվել ԱԽ նիստում

Մոդուլյար տեխնոլիգաների դեպքում, երբ տեղի է ունենում ատոմային ռեակտորի վթար, համարվում է լոկալ միջադեպ, այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս մասին իրեն զեկուցել են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում։

Սա, ըստ նրա, նշանակում է, որ եթե մոդուլյար ատոմային էլեկտրակայան է կառուցված ու նրա մոտակայքում կա բնակավայր, երբ տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում։

«Այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է, ես կարծում եմ, որ այս մասին պետք է իմանան ՀՀ քաղաքացիները»,- ասաց Փաշինյանը։

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանն էլ ասաց, թե տեղեկատվությունը ստացել են նախագծող կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում, սակայն իրական տվյալները դիտարկելու համար անհրաժեշտ է տեսնել հաշվարկային տվյալները։

«Իսկ դրանք բավականին ամուր շղարշի տակ են պահված ու որպեսզի կարողանանք հասանելի դարձել Հայաստանի մասնագետներին, որոշակի համաձայնագրեր կան, որ պետք է ստորագրվեն»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս հարցը քննարկվել է ՀՀ անվտանգության խորհրդում ու կայացվել է որոշում, որ պետք է գնալ անհրաժեշտ համաձայնագրերի ստորագրման ճանապարհով։

«Ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր տարբերակները, թե որն է Հայաստանի շահերին առավել համապատասխան, այս պահին չենք կարող ունենալ վերջնական որոշում»,- ընդգծեց վարչապետը՝ շեշտելով, որ հիմա անհետաձգելի են համարում Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ինստիտուտցիոնալ կարողությունները ուժեղացնելը։

«Շուտ պետք է արած լինեինք, բայց լավ է, որ գոնե հիմա ենք անում»,- հավելեց նա։

Նշենք, որ Հայաստանից պատվիրակություն էր մեկնել ԱՄՆ` ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին, այս մասին Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` տեղեկացրել էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Նշվել էր, որ Հայաստանն ուսումնասիրում է նաև միջուկային ռեակտորներ արտադրող այլ երկրների, մասնավորապես` ռուսական, հարավ-կորեական, ֆրանսիական տեխնոլոգիաները:

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում հայտարարել էր, որ քաղաքական առումով հետաքրքիր է համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը:

Оставьте комментарий