Էսօր ինձ համար անչափ կարևոր օր է՝ աշխարհում նշվում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը ☺
Գիտակցական կյանքիս մեծ մասը նվիրել եմ կյանքի համար պայքարող՝ առանձնահատուկ՝ քաղցկեղ ունեցող երեխաներին օգնելով, այն արդեն կյանքիս գործն է դարձել:
Հաճախ հարցնում են՝ ինչի՞ եմ որոշել նման գործով զբաղվել, ինչպե՞ս է եղել, որ այդ ամենը չի սահմանափակվել մի քանի երեխաների օգնելով, այսքան տարիներ ո՞նց եմ կարողանում շփվել նման խնդիրներ ունեցող մեծաթիվ երեխաների ու իրենց ծնողների հետ, ու հոգեբանորեն պինդ մնալ, չկոտրվել, ավելին՝ սկսել այդ ամենին պրոֆեսիոնալ աչքերով նայել ու կյանքի գործի վերածել:
Էդ հարցերի պատասխանները որքան որ պարզ են թվում, այնքան էլ բարդ են: Հիմնական պատասխանը հետևյալն է՝ մարդկային կյանքն ինձ համար գերագույն ու բարձրագույն արժեք է, երեխաների կյանքը՝ առավել ևս, և մանկուց սկսած պայքարել եմ, իմ պատկերացմամբ, կյանքի ու բնության անարդարության դեմ ու փորձել իմ համեստ ներուժով հնարավորություններ ու միջավայր ստեղծել, որ մեր կողքին բնակվող ոչ մի երեխա գումար չլինելու պատճառով չմահանա: Երջանիկ եմ, որ այդ կարևորագույն հարցում բոլորիդ օգնությամբ կարողացել ենք զգալի արդյունքներ գրանցել:
Այս տարիների ընթացքում տեսել եմ լիարժեք ապաքինված բազմաթիվ երեխաներ, որոնք իրենց անհոգ մանկությունն են վայելում, տեսել եմ երեխաների մահեր, որոնց համար արվել է անհնարինը, բայց հիվանդությունն ավելի ուժեղ է գտնվել:
Շփվել եմ ծնողների հետ, որոնք իրենց կյանքն ու հոգին են դրել երեխայի փրկության համար, շփվել եմ նաև ծնողների հետ, որոնք անգամ տարրական ջանքեր չեն գործադրել երեխայի փրկության համար, գիտեմ, դժվար է հավատալը, բայց նման ծնողներ էլ են եղել, փառք Աստծո, նրանք փոքրաթիվ են:
Ներկայումս մեր հիմնադրամն առավել մեծ ուշադրություն է դարձնում քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը, և այդ պատճառով էլ մեր աջակցությամբ ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում ստեղծվել է «Կարինա» ժառանգառական քաղցկեղի կանխարգելման կլինիկան, որն էական նշանակություն է ունենալու Հայաստանում մանկական քաղցկեղի հաղթահարման ճանապարհին, և մեծ հույս ունենք, որ այն դառնալու է միջազգային նշանակության կենտրոն:
Բոլոր հրաշք բուժումներն ու ապաքինումները հնարավոր է դարձել ձեր բոլորի աջակցությամբ, յուրաքանչյուրիդ անգամ շատ փոքր հանգականության շնորհիվ, որի համար անչափ շնորհակալ եմ:
Առանձնահատուկ շնորհակալությունս ու խոնարհումս հայաստանյան և արտասահմանյան բժիշկներին, որոնց շնորհիվ հարյուրավոր ու հազարավոր երեխաներ փրկվել են և հնարավորություն ստացել երջանիկ լինելու: Ձեր աշխատանքն անգնահատելի է:
Հ.Գ. Սիրելիներ, եթե կցանկանաք շարունակական աջակցություն ցուցաբերել մեր ամենօրյա պայքարին, ձեր լուման ունենալ այս կարևորագույն գործում, կարող եք անցնել www.hfc.am հղմամբ ու ամսական բաժանորդագրությամբ միանալ մեզ: Շնորհակալ եմ անչափ:
Հ.Գ. 1 Տարիներ առաջ գրածս տեքստը որոշեցի փոփոխել ու կրկին հրապարակել: