Հիպոտոնիան կամ զարկերակային հիպոտենզիան արյան ճնշման իջեցումն է (105/70 մմ սնդիկի սյունից ցածր): Որպես կանոն, այն ուղեկցվում է թուլությամբ, գլխապտույտներով, գլխացավերով ու սրտխառնոցով:
1. Կան մարդիկ, ում մոտ ցածր զարկերակային ճնշումը վեգետատիվ նյարդային համակարգի բնածին հատկությունն է: Դրանք, այսպես կոչված, աստենիկ տիպի մարդիկ են և կազմում են բնակչության 7%-ը: Որպես կանոն, նրանք ունենում են փխրուն կազմվածք, բաց գույնի մազեր ու գունատ մաշկ: Բացի այդ, նրանք աչքի չեն ընկնում բարձր դիմացկունությամբ ու աշխատունակությամբ, բայց վարում են բավական ակտիվ կյանք և չեն նկատում իրենց ցածր ճնշումը: Սակայն ճնշման բարձրացման դեպքում, նույնիսկ նորմային մոտ (120/80), այս մարդկանց մոտ նկատվում է ինքնազգացողության վատացում:
2. Ցածր ճնշումը հաճախ պայմանավորված է լինում սրտի աշխատանքի անբավարարությամբ, երբ սիրտը սկսում է վատ աշխատել և թուլանում է անոթների տոնուսը: Նման վիճակ կարող է առաջանալ սրտի բորբոքային գործընթացների արդյունքում, որոնք էլ հաճախ զարգանում են որպես գրիպի կամ նշիկաբորբի (անգինա) բարդացում: Բացի այդ, հիպոտոնիան կարող է նաև ի հայտ գալ սրտի նյարդային կարգավորման խանգարման հետ կապված հիվանդությունների դեպքում: Բոլոր այդ խանգարումները շատ լավ տեսանելի են ԷԿԳ-ի ժամանակ:
3. Հիպոտոնիան կարող է նաև նկատվել հիպոտոնիական տիպի վեգետատիվ անոթային դիստոնիայի դեպքում: Հոգեբույժները կատակում են, որ մարդու հոգին ոչ թե սրտում է, այլ երիկամներում, քանի որ երիկամներում են արտադրվում սթրեսի հորմոնները.
· Ադրենալինը, որը գրգռում է, առաջացնում է շոգի զգացում, ճնշման բարձրացում, առատ քրտնարտադրություն, ագրեսիվ դյուրադրդիռություն և այլն:
· Ացետիլխոլինը, որը ունենում է հակառակ ազդեցությունը՝ ցածր ճնշում, սառը քրտինք, դող, նյարդայնացնող թուլություն, թախծի ու անօգնականության զգացում:
· Ոմանց մոտ նկատվում է խառը ռեակցիա, երբ երկու տարբեր հորմոնների ազդեցությունները իրան հաջորդում են: Սա առաջացնում է ճնշման տատանումներ և մարդը մեկ շոգում է, մեկ մրսում:
4. Ցածր ճնշումը կարող է լինել որոշ դեղամիջոցների առաջացրած կողմնակի բարդություն: Ճնշումը կարող են իջեցնել.
· Սրտի հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցները (նիտրոգլիցերինի դեղամիջոցները, բետա-ադրենոկանխարգելիչները),
· Հակաբիոտիկների մեծ չափաբաժինները,
· Սպազմոլիտիկներն ու ցավազրկողները,
· «Հասարակ» հանգստացնող միջոցների մեծ չափաբաժինները (համեմատաբար մեղմ ազդեցություն է ունենում կատվախոտի թուրմը):
5. Արյան ճնշման կտրուկ իջեցման կարող է հանգեցնել ստամոքսի խոցի սրումը կամ պանկրեատիտը: Սովորաբար նման վիճակը, բացի ստամոքսի ցավերից, ուղեկցվում է նաև ընդհանուր թուլությամբ ու սառը քրտինքով, սակայն հիպոտոնիայի այս տեսակն անցնում է դրա առաջացման պատճառը վերացնելու հետ մեկտեղ: Բացի այդ, ճնշումը միշտ իջնում է ցանկացած արյունահոսության դեպքում:
6. Հիպոտոնիան կարող է նաև պայմանավորված լինել դեպրեսիայի որոշ տեսակներով.
· Ասթենիկ. դեպրեսիայի այս տեսակին հատուկ է հյուծումը, հոգնածությունն ու քաշի զգալի կորուստը:
· Ապատիա. այս տեսակին հատուկ է անտարբերությունն ու ցանկությունների բացակայությունը:
· Անգեդոնիկ. սա ուրախության զգացումի բացակայությունն է, էմոցիոնալ հագեցվածությունն ու հոգեկան փակուղին: Սա համարվում է մեծ կայսրերի ու հաջողակ գործարարների դեպրեսիան:
7. Առողջ մարդկանց մոտ ճնշման անկում կարող է նկատվել անոթները լայնացնող պրոցեդուրաներից հետո, ինչպիսիք են ռուսական բաղնիքը, սաունաները, տաք վաննաները և այլն: Սա է պատճառը, որ մարդիկ, հատկապես տարեցները, պետք է շատ ուշադիր լինեն նման պրոցեդուրաների ժամանակ և հետևեն իրենց ճնշմանը: Շոգեբաղնիք գնալիս հարկ է հիշել, որ չի կարելի այնտեղ անցկացնել 5-7 րոպեից ավել ժամանակ: Անհրաժեշտ է պրոցեդուրայի ընթացքում անել դադարներ և ոչ մի դեպքում չի կարելի խմել ալկոհոլային ըմպելիքներ ո՛չ պրոցեդորայից առաջ, ո՛չ էլ հետո: