Ո՞վ կփոխարինի Վահան Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում…Անունը հայտնի է …լուսանկար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո տարբեր անուններ են շրջանառվում, թե ով կարող է փոխարինել Քերոբյանին այս պաշտոնում։ Ու թեև ՔՊ-ական որոշ պատգամավորների անուններ են դաշտ նետվել՝ որպես պոտենցիալ նախարարացուներ, բայց մեր տեղեկություններով՝ իշխանությունները հակված են ավելի պրոֆեսիոնալ շրջանակից մարդ ընտրել․ ոչ թե քաղաքական։

Մասնավորապես, Mediahub-ի տեղեկություններով՝ այս պահին դիտարկվում է ԱՆԻՖ-ի (Պետական հետաքրքրությունների ֆոնդ) տնօրենների խորհրդի անդամ, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Արտակ Քամալյանի անունը, որը մինչև վերջերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար էր։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է, նա վերադարձել է ԵՏՀ-ից և հիմա հարմար թեկնածու է էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար։

Արտակ Քամալյանը, հիշեցնենք, Հայաստան տեղափոխվել ու այստեղ բարձր պաշտոնների է նշանակվել այս իշխանությունների օրոք՝ Նիկոլ Փաշինյանի հրավերով։ Սկզբում եղել է գյուղատնտեսության, ապա էկոնոմիկայի փոխնախարար։ Մինչ այդ նա Վորոնեժում էր գործունեություն ծավալում, այնտեղ լավ կապեր ունի, և մեզ ասացին՝ Վորոնեժ այցի ժամանակ են նրա հետ ծանոթացել ու հրավիրել Հայաստան՝ աշխատելու հեղափոխական կառավարությունում։

2020 թվականի հունիսին ռուսական մամուլում մի տեղեկություն տարածվեց, թե Վորոնեժի սահմանապահները առգրավել են հայկական արտադրության, բայց առանց ակցիզի 16 տոննա ծխախոտ, որը մաքսանենգ ճանապարհով Երևանից Վորոնեժ էին փոխադրել բեռնատար օդանավով։ Այդ ժամանակ այս դեպքը կապեցին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ նրա աներձագ, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ, որ հենց նա է կանգնած մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ ծխախոտի արտահանման հետևում։ Փաշինյանի աներձագը, բնականաբար, հերքեց իր առնչությունը մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման հետ, սակայն մեզ պատմեցին, որ այդ ժամանակ հենց Արտակ Քամալյանն է իր կապերով օժանդակել իշխանական ընտանիքին Հայաստանից Վորոնեժ ծխախոտի արտահանման հարցում։

Оставьте комментарий