Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Այնթապ գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշեն-Մասիս շրջանաձև խաչմերուկում՝ խաչի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Skoda» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները տեղում արձանագրել են այդ 2 քաղաքացու մահը, իսկ վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները և դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր վարորդներին, ովքեր ավտոմեքենաները կայանել էին և ստեղծել էին խցանում։
Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։