Դիաբետով հիվանդները դժգոհում են՝ կառավարության ձեռք բերած «Գենսուլին» դեղամիջոցն անարդյունավետ է, այն օգտագործելուց հետո սկսել են արյան մեջ շաքարի պարունակության թվերը մեծանալ։
Տավուշի մարզի բնակիչ Մարինա Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ անցած տարվա սեպտեմբերից պետպատվերի շրջանակում «Ինսուլոտարդ» դեղամիջոցի փոխարեն սկսեցին իրեն տրամադրել «Գենսուլին»։
«Փոփոխությունից հետո արյան մեջ շաքարի ցուցանիշը հասել է մինչև նույնսիկ 30, կոմայի վիճակ է սկսում մոտս։ Զանգել եմ նախարարություն։ Ինձ պատասխանեցին, որ ձեր թերապևտը վերապատրաստումների է մասնակցել, ունի էնդոկրինոլոգի գիտելիքներ, կարող է ձեզ օգնել։ Ես դիմում եմ բժշկին, ինքն ասում է՝ տարբերություն չկա, երկոսւն էլ նույն ինսուլինն են»,-ասաց դիաբետով հիվանդ կինը։
Մ. Բաբայանի խոսքով, բժշկի խորհրդով ինքը սկսել է ավելացնել դեղաչափը։
«Սկսեցի դոզաներն ավելացնել, հասցնել մինչև 100-ի։ Օրը երկու անգամ 100-ով ներարկում եմ անում, առավոտյան արթնանում եմ 15 ցուցանիշով։ Մինչև այդ, երբ «Ինսուլոտարդ» էի օգտագործում, ես արթնանում էի 5.5-6 թվով։ Օրվա ընթացքում այդ թիվը սկսում է բարձրանալ՝ անցնելով 20-ը, հասնելով նույնիսկ մինչև 30-ի։ Ես զանգահարել եմ Առողջապահության նախարարություն, ինձ ասում են՝ տարբերություն չկա։ Երբ թվերն ասում եմ, պատասխանում են՝ ես կարող եմ այլ դեղ օգտագործել, մեկ ա, ասում են, դեղը չենք փոխելու, «Գենինսուլինը» ավելի էժան է»,-ասաց դիաբետով հիվանդ կինը։
Նա ուսումնասիրել է համացանցում առկա տեղեկությունները, տեսել, որ օրինակ Թայլանդը հրաժարվել է այդ դեղից։ ԱՆ-ից Panorama.am-ին հայտնել են, դեղամիջոցն անցել է օրենքով սահմանված լաբորատոր փորձաքննություն «Դեղերի փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, որը նախարարությանը պատկանող ՊՈԱԿ է։
«Մեր տանը տիպ 1 դիաբետ ունեցող երկու անձ ենք՝ ես ու հարսս։ Նրա մոտ երկու ամիս առաջ է ախտորոշվել, «Գենինսուլին» օգտագործել է 15 օր, երբ տեսանք ՝ թվերը շատ բարձր է, սկսեցինք ձեռք բերել «Ինսուլոտարդ»»,-ասաց տիկին Մարինեն։
29-ամյա Արամն էջմիածնից է։ 8 տարի է արդեն՝ ունի այս հիվանդությունը։
«Սկզբում ստացել եմ հումուլին և հումալոգ կոչվող դեղամիջոցը, որը որակապես շատ լավն էր։ Հետո ասեցին՝ տարիքային խումբ է փոխվել, սկսեցին տրամադրել «Ինսուլոտարդ»։ Օրվա ընթացքում այն սրսկվում էի 40 միավոր, հիմա անցել եմ «Գենինսուլին»-ին, սրսկվում եմ օրվա ընթացքում 70-80 միավոր։ Տարբերությունը զգալի է, մեկ-երկու միավոր չի, որ կապեմ սննդի հետ»,-Panorama.am-ին ասաց երիտասարդը։
Նա խոստովանում է, որ դեղի չափաքանակի ավելացմանը զուգահեռ խստացրել է դիետան, ամբողջությամբ հրաժարվել է քաղցրից, ավելի քիչ է սնվում։
Արամն ասում է՝ չի դիմել նախարարություն, առաջին անգամ երկու տարի առաջ դիմել է՝ նախարարությունից ասել են, տարիքային խումբը փոխվել է։
«Հիմա երկորրդ անգամ է օրգանիզմս սթրես տանում։ Ամռանը կհասկանամ, յոլա կգնամ այդ ինսուլինի հետ, թե պետք է սկսեմ այլ դեղամիջոց գնել ինձ համար»,-ասաց Արամը։
30-ամյա Անին Գյումրիից է։ Արդեն տասը տարի դիաբետ ունի։ «Գենսուլին»-ը ստանում է անցած տարվա սեպտեմբերից։
«Շատ դժգոհ եմ արդյունքից։ Թվերն անընդհատ տատանվում են, աչքերի անոթների հետ եղած խնդիրն ավելի է սրացել, տեսողությունս է վատացել։ Նախկինում ես կարող էի նույնսիկ առանց ակնոցի ման գալ, հիմա չեմ կարող։ Ստիպված բարձրացրել եմ դեղի չափաբաժինը»,-ասաց Անին՝ բողոքելով արյան մեջ շաքարի բաղադրության կտրուկ ու հաճախ տատանումներից։
Այս բոլոր դժգոհություններին ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից արձագանքում են, իրենց մեկ-երկու հիվանդէ դիմել, դեղամիջոցն էլ ձեռք են բերել մրցույթով, օրենքով սահմանված կարգով։
Իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտնել է՝ եթե խնդիրը չլուծվի, ապա դիաբետ ունեցող քաղաքացիները կկանգնեն առողջական անդառնալի խնդիրների առաջ, կավելանա հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը։
Նախարարությունից հայտնում են, որ «Գենսուլին»-ն արտադված է Լեհաստանում, որը ԵՄ անդամ է։ Մինչդեռ Ա. Պողոսյանը հիշեցնում է, որ «Գենսուլին»-ը որպես դեղամիջոց գրանցվել է 2001 թվականին, իսկ Լեհաստանը ԵՄ անդամ դարձել է 2004-ին։
«Իրականում նախորդ դեղամիջոցի՝ «Ինսուլոտարդ» համեմատ գնային տարբերությունն էական չէ, մեկ միավորի համար 10 դրամի տարբերության մասին է խոսքը: Թաիլանդը, օրինակ, 33 ամիս կլինիկական փորձարկումից հետո հետ է կանչել այս ինսուլինը՝ հայտարարելով, որ այն ունի կողմնակի էֆեկտներ, և ցանկալի չէ այն տրամադրել հիվանդներին: Մեր կազմակերպություն բողոքած հիվանդները դժգոհում էին խնդրի վերաբերյալ Առողջապահության նախարարության (ԱՆ) պատասխաններից: Թեժ գծից նրանց խորհուրդ են տվել՝ ուրիշ դեղ ներարկեք, կամ քիչ կերե՛ք՝ շաքարը կիջնի: Սա ոչ պրոֆեսիոնալ, նաև նվաստացուցիչ պատասխան է»,- ասել է Ա. Պողոսյանը։
ՀԿ նախագահը նաև նշել է, որ «Գենսուլին»-ի բարձր դեղաչափերը կարող են հանգեցնել կողմնակի խնդիրների։