Արագածոտնում վթարի են ենթարկվել հարսանեկան արարողությունը նկարահանողները. կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 11:10-ի սահմանում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 57 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, այն մոտ 80 մետր շպրտել, ապա դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով հողաթմբերին ու քարերին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ վթարի ենթարկվածները մասնակցում էին հարսանեկան արարողությանը և հարսանիքը նկարահանողներն են եղել։

«Իսկ երբ քաղաքացիները նրանց օգնության են հասել, նրանք եղել են ամրակապված և հենց ամրագոտու շնորհիվ է, որ հարվածներ ստանալիս ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել»,- գրել է կայքը:

Оставьте комментарий