med.news.am-ը գրում է. Հերթական բացառիկ սրտի վիրահատությունն ու բուժումն է կատարվել «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնում։ Փրկել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքը։
Էջմիածնի Լուսագյուղ համայնքի 61-ամյա Աննա Ներսիսյանը, որը հիմա սրտի հետ կապված այլևս որևէ գանգատ չունի, ամիսներ շարունակ չէր կարողանում շնչել, երազում էր պառկելու մասին։
«Ես տանը ապարատով եմ շնչել։ Հիմա կարողանում պառկել։ Էն ժամանակ չէի կարողանում շնչել։ Անընդհատ նստած վիճակ էր», – պատմում է նա։
Աննա Ներսիսյանն ասում է՝ վիճակն այնքան անելանելի էր, որ որոշ կենտրոններում նույնիսկ մերժել են, չեն ընդունել իրեն։ Անծանոթ մի տղամարդ է խորհուրդ տվել դիմել «Բեսթ լայֆ»։
Հետազոտության արդյունքներին ծանոթանալուց հետո պացիենտը հենց «Բեսթ լայֆի» շտապօգնությամբ տեղափոխել է հիվանդանոց՝ սրտային ծանր անբավարարությամբ։ Մասնագետի խոսքով՝ սիրտն այլևս չէր կարողանում կատարել իր պոմպային ֆունկցիան և առաջացել էր բոլոր օրգանների թերսնուցում՝ ոտքերի այտուց, հեղուկի կուտակում թոքերի խոռոչներում, խիստ ցածր սատուրացիա, ճնշման անկում։
«Մի խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում, որը կյանքի հետ անհամատեղելի է, եթե ավելի է խորանում։ Սրտային անբավարարության տարբեր աստիճաններ կա, մինչև չորրորդ աստիճան։ Նա ընդունվել էր արդեն երրորդ, ձգտումով դեպի չորրորդ աստիճան», – պատմում է «Բեսթ Լայֆ» կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը։
Վիճակը բարդ էր, նշում է սրտաբանը։ Քանի որ պացիենտն ուներ շաքարային դիաբետ, տարել էր սրտամկանի ինֆարկտ, որից տուժել էր սրտի կծկողականությունը։
«Ինֆարկտի հետևանքով սրտի պատը պատռվում է և մի քիչ արյուն է անցնում սրտից դուրս՝ պերիկարդի, կամ սրտակրանքի խոռոչ։ Եվ էնտեղ կամաց-կամաց էդ ինֆարկտված մասը համ լայնանում է, որին անևիզմա ենք ասում, իսկ էդ անեվրիզման էնքան էր լայնացել, որ իր սրտից մեծ էր։ Հետո էդ մասը տրոմբվել էր՝ էդ պատռված մասում, խոռոչում էր տրոմբ առաջացել», – պատմում է «Բեսթ Լայֆ» ԲԿ կարդիովիրաբուժության բաժանմունքի վարիչ Ավետիս Ահարոնյանը։
Բացի դրանից պացիենտն ուներ նաև սրտի անոթների տարածուն ախտահարում։ Ինֆարկտի հետևանքով մեկ անոթն ամբողջությամբ փակ էր, մնացածը 80-ից 90 աստիճան նեղացած։ Կնոջը փրկելու համար գործի է անցնում «Բեսթ լայֆի» սրտաբանական ամբողջ թիմը։ Պացիենտը մի քանի օր մնում է վերակենդանացման բաժանմունքում՝ սրտաբանների, վիրաբույժի, ռեանիմատոլոգի և այլ մասնագետների հսկողության տակ։ Բուժումից հետո կատարվում է կոռոնառոգրաֆիա։ Ապա կրկին հետազոտություններ,արդեն վիրահատությանը պատրաստելու համար։